Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը չգիտի Սամվել Ալեքսանյանի դեմը ո՞նց առնել

Սեպտեմբեր 25,2014 17:05

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խոսում էր մանր ու խոշոր բիզնեսի խնդիրներից, որ մանրները չեն ցանկանում ասել, թե ումից են ապրանքն առնում, դրա համար էլ ցույց են անում: Aravot.am-ը նկատեց, որ առանց այդ էլ խոշոր բիզնեսմենները, լինելով ներմուծող եւ մենաշնորհներ ունենալով՝ խեղդում են մանրներին: Օրինակ, Սամվել Ալեքսանյանը, որը ներմուծող է, կարագը իր խանութներում էժան է դնում, շաքարավազը, մի շարք ապրանքներ էժան գներով է վաճառում այնքան, մինչեւ տարածքի մանր խանութները, չդիմանալով անհավասար դաշտում մրցակցությանը, փակվում են:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Այդքան անկեղծ որ ասում եք, ես, օրինակ, ոչ խանութ ունեմ, ոչ առեւտրային ոլորտով եմ զբաղվում»: Մեր դիտարկմանը, որ Դուք էլ հանքերով եք զբաղվում՝ Վարդան Այվազյանն արձագանքեց. «Եթե դա գրողներից ու պատվեր տվողներից որեւէ մեկը այդքան տղամարդկային հատկություն ունի, կարա թող իմ չափ զբաղվի: Այն, ինչի համար ինձ դատում էին, 5 անգամ հաղթել եմ, դուք էլի գրում եք, որ ինձ դատում են: Միջազգային արբիտրաժներում հաղթել եմ: Հիմա դուք շատ լավ վերլուծեցիք, ի՞նչ եք առաջարկում: Առաջարկում եք, որ սպառողն ավելի թանկ առնի, որովհետեւ որեւէ մեկը պետք է փող առնի՞: Ի՞նչ եք առաջարկում: Սամվել Ալեքսանյանը ներմուծում է, մենք առանձնացրել ենք օրենքով ներմուծումն ու առեւտուրը, որ եթե ինքը մի բան ներմուծում է, իրավունք չունի առեւտուր անի: Հիմա ինքը էժան է ծախում, վերջիվերջո, քաղաքացին ավելի էժան է գնում այդ ապրանքը: Դուք ի՞նչ եք առաջարկում, առաջարկում եք բարձրացնի՞ գինը: Մենք պարտադրված գնե՞ր դնենք, ասենք, դու պիտի գնաս այ այս խանո՞ւթը: Հետո էլ կասեք բա մարդու ազատություններն ու իրավունքը: Ի՞նչ անենք»:
Հարցին՝ Հովիկ Աբրահամյանին հաջողվո՞ւմ է հավասար խաղի կանոններ սահմանել գործարարների շրջանում՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իրականացված քաղաքականության շրջանակներում համենայնդեպս կատարվում են այն քայլերը, որոնք պետք է ստեղծեն հավասար դաշտ: Իսկ որեւէ մեկին կհաջողվի ամբողջապես, թե չի հաջողվի, դա ժամանակի ընթացքում տրվող գնահատական է: Դա կլինի քաղաքական, տնտեսական գնահատական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930