Օգոստոս և սեպտեմբեր ամիսները մեր մարզաշխարհի համար արդյունավետ էր: Չինաստանի Նանկին քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի անդամները երկու ոսկե, նույնքան արծաթե և երեք բրոնզե մեդալ նվաճեցին:
Պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեցին և ոսկե մեդալի արժանացան ծանրորդներ 77կգ քաշային Հակոբ Մկրտչյանն ու գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Հայ ազգին ուրախության և հպարտության պահեր պարգևեցին մեր հունահռոմեական ոճի ըմբիշները:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում գերազանց հանդես եկան 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ու 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Մեր երկու ըմբիշները, հաղթելով բոլոր մրցակիցներին, աշխարհի չեմպիոն հռչակվեցին: Հարկ է նշել, որ Հայաստանն աշխարհի այս առաջնությունում երկու ոսկե մեդալ նվաճած միակ երկիրն է:
ԲՀԿ կայքէջի տեղեկացմամբ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունեց պատանեկան օլիմպիական խաղերի և ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոններին:
Հայրենական սպորտի ղեկավարը, շնորհավորելով մարզիկներին, նշեց, որ հաղթանակներն ամենևին էլ պատահական չեն: Գագիկ Ծառուկյանի սեփական միջոցների հաշվին տարեցտարի մեր երկրում ավելանում է բարձրակարգ մարզաբազաների քանակը: ՀԱՕԿ նախագահը համոզմունք հայտնեց, որ այսուհետ միջազգային մրցասպարեզներում ավելի հաճախ կհնչի հայոց հիմնը:
Հանդիպման ընթացքում շնորհավորանքներից բացի մի շարք հարցեր քննարկվեցին: Գագիկ Ծառուկյանը մարզիկներին խոստացավ հնարավորության սահմաններում լուծել մարզաշխարհի առջև ծառացած ցանկացած խնդիր: Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումից հետո մեր չեմպիոնները կիսվեցին իրենց տպավորություններով:
Բարգավաճ Հայաստան Կուսակցություն