Լրահոս
Օրվա լրահոսը

«Խեղճ ու կրակ, հազիվ իր օրվա հացը վաստակողի միջոցով էն կատաստրոֆ օլիգարխին պիտի բերես հարկային դաշտ հա՞»

Սեպտեմբեր 25,2014 16:15

«Այդ հավաքը եւ հավաքում եղած խոսակցությունը օրենքի կամ կյանքի իսկական նորմ չի: Պարզապես հավաքված ենք մի տրամաբանական հարցի շուրջ ուզում ենք մտածել: Մտածելու համար պետք է լարենք ուժերը ու գտնենք ձեւը`ինչպե՞ս դա կենսագործել կյանքում»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ վարչապետի մոտ եղած գործարարների հավաքում ու այդտեղ հնչած հայտարարություններում ոչ մի բացասական ծանրաբեռնվածություններ տեսնելու իրավունք չունենք, որովհետեւ դա մտահոգություն է ընդամենը`բյուջեի նկատմամբ, օրենքով սահմանված կարգով պարտավորությունները կատարելու:

Բայց միայն խոսքն ու բարի ցանկությունը չի կարող իրագործվել. «Պետք է լինի պոտենցիալ ուժ`այդ բարի ցանկությունն օրենքի ուժ դարձնելու համար: Դա կատարելը զլացողների ու խուսափողների համար էլ կա ձեւ`աշխարհում կիրառվում են պատժամիջոցներ, որի արդյունքում մարդը հասկանում է`ավելի լավ է ռուբիկոնը չանցնել»:
Նա հորդորեց «տնայնավարությունը» մի կողմ թողնել, քանզի բարի ցանկությունները միայն հեքիաթներում են կատարվում:

Լրագրողներից մեկը բանախոսից հետաքրքրվել էր`կարո՞ղ ենք ասել, որ վարչապետի մոտ գործարարների հայտնի հավաքում ինքնանպատակ հայտարարություններ եղան եւ կառավարությունը, մասնավորաբար, վարչապետը, չունի այդ ներուժը, ռեսուրսն` արմատական փոփոխությունների գնալու:

Պատժամիջոցների առումով լրագրողներից մեկն անդրադառնալով շրջանառության հարկին ու դրա դեմ ընթացող բողոքներին, ասաց, որ վարչապետը հենց դա է ուզում անել`ասելով, որ մանր ու միջին գործարարների օգնությամբ նաեւ խոշորներին է ցանկանում հարկային դաշտ բերել: «Բա երկիրն ու պետությունն ինչի՞ համար են: Դուք չունե՞ք հարկային, մաքսային մարմիններ, դատական մարմիններ, սահմանի վրա դուք չե՞ք կարողանում բռնել, նրան թողում եք, ասում եք`տոնավաճառում նկարի շրջանակ վաճառող արի ու ծախի նրան: Մինչեւ անգամ մահացածի ծիծաղն է գալիս: Խեղճ ու կրակ, հազիվ իր օրվա հացը վաստակողի միջոցով էն կատաստրոֆ օլիգարխին պիտի բերես հարկային դաշտ հա՞: Ուրեմն, դա անգամ բարի ցանկություն դառնալն է դադարում»,- տարակուսեց տնտեսագետը:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին սպասվելիք Հայաստանի`ԵՏՄ անդամակցության փաստաթղթի ստորագրմանն էլ բանախոսն ասաց. «Այդքան վստահ չեմ կարող ասել` ի՞նչ կսպասի մեզ այդ պարագայում, գործընթացը ցույց տվեց, որ անակնկալների շարանն անընդհատ հայտնվեց մեր դեմ, ուզենալ ֆիքսել անհեռանկարային կլինի, դա մշուշոտ խնդիր է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930