Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական նախկին պատգամավորը` ԲՀԿ խմբակցության կրթական ցենզի ու շրջանառության հարկի մասին

Սեպտեմբեր 25,2014 16:01

«Կներեք, ես ոչ թե հուզված եմ կամ անհանգստացած եմ… օրինակի համար, մի մարդ կար, որը գիտեր թե ի՞նչ ա կատարվում, էդ մարդը հարմար չգտնվեց էլ ընդեղ լինել: Իսկ մնացածը կարող է ընդհանրապես չիմանան, թե էնտեղ ի՞նչ է կատարվում ու քննարկվում»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`պատգամավորները, խմբակցությունը, որը որոշում պետք է կայացնի տվյալ օրենքի վերաբերյալ, արդյոք չպե՞տք է ծանոթ լինի նախագծին: Խոսքը վերաբերվում է շրջանառության հարկի նվազեցման մասին օրենքին, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի մեկից եւ որի դեմ արդեն երրորդ օրն է փոքր ու միջին գործարարության ներկայացուցիչները կառավարության շենքի առջեւ ցույց են անում:

ԲՀԿ-ն, հիշեցնենք, խորհրդարանական քննարկում-քվեարկություններում կողմ արտահայտվեց նախագծին: Մինչդեռ երեկ տարածած հայտարարությամբ  փաստում են, որ օրենքի ողջ ծավալի կիրառումը կհանգեցնի ՓՄՁ-ների գերակշիռ մասի գործունեության դադարեցմանը, կբերի հազարավոր աշխատատեղերի փակման:

Բանախոսի կարծիքով, մեր բարձրացրած հարցը վերաբերվում է ոչ միայն շրջանառության հարկին, այլ ընդհանուր առմամբ բոլոր նախագծերին: «Այո, ի վերջո, եթե դու որեւէ կոճակ սեղմում ես, գոնե դու պետք է հասկանաս`ինչի՞ համար ես այդ կոճակը սեղմում: Եթե դու չես կարողանում դրա խորխորատներն ընկղմվես ու հասկանաս, նշանակում է, որ հասարակության ու մարդու համար, քո կամքից անկախ, վատ բան արեցիր: Ինչի մենք ականատես ենք լինում հիմա: Դուք ճիշտ եք ասում եւ ես կապիտուլացվում եմ, չեմ կարողանում ոչ մի բան ասել: Այո, այս իրավիճակը հենց փաստաթուղթը քվեարկելու պահին դուք գիտեիք կամ`ավելի վատ`չգիտեիք: Իմանայիք»:

Անիրազեկության խնդիրն, ըստ բանախոսի, միայն քվեարկողներինը չէ, քանզի մայիսին օրենքն ընդունվել է, հոկտեմբերի մեկից պետք է գործադրվի, իսկ դրա դեմ սկսել են բողոքել մեկ շաբաթ առաջ:

Լրագրողներից մեկի դիտարկմանն`այդ մեկ տեղյակ մարդը ԲՀԿ խմբակցությունում դո՞ւք եք, Վարդան Բոստանջյանը ծիծաղելով պատասխանեց. «Չէ: Ես այդքան անհամեստ չեմ»:

Տնտեսագետը գտնում է, որ երկիրը կառավարողները, որոշում ընդունողները մի կարեւորագույն ու հիմնական գործ ունեն`պետք է մարդն աշխատի. «Ենթադրենք, այդ աշխատանքի կազմակերպելն ինձ մոտ լավ չի ստացվում, բայց մեկ է, մարդը պիտի աշխատի: Իսկ ընդհանրապես չաշխատելը հանցագործության պես մի բան է: Հիմա`բոլորն էլ ասում էին, բայց ԲՀԿ-ն ավելի դոմինանտ, որ գոնե փոքր եւ միջին բիզնեսը կարողանանք զարգացնել, քանզի ՀՀ-ի նման ոչ մեծ երկրի կտրվածքով այլընտրանքը չունենք: Դա է բնակչության հիմնական զանգվածին ներառում, աշխատանք եւ վաստակ տալիս: Դրա համար հարկավոր է հարկային բեռը իջեցնել: Դրա անունը կոչվեց շրջանառության հարկ եւ 3,5 տոկոսից 1 տոկոս իջեցվեց. Առաջին հայացքից`ինչքան գեղեցիկ է հնչում ու նկատվում: Սակայն, կողքից արի ու տես… գիտեք, սա ճիշտ էն բանն ա, որ ասում են` մուկը ծակը չի մտնում, հետևից ցախավելը կապում են: Փաստաթղթաշրջանառության կտրվածքով այնպիսի պահանջներ են ներկայացված, որ ամենաիդեալական իսկ հարաբերությունների պայմաններում այդպիսի պահանջներ հնարավոր չի կատարել: Էդ թղթերը որ չես կարողանում տալ, ուրեմն, որեւէ միզեռնի շահույթի մասին մտածելն առնվազն ծիծաղելի է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930