Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծին

Սեպտեմբեր 25,2014 15:58

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է այս օրերին փոքր և միջին ձեռնարկատերերին հուզող հարցերին: Պարզաբանմամբ հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը: Ամփոփելով թեման, Հովիկ Աբրահամյանը անհիմն է համարել փոքր և միջին ձեռնարկատերերի անհանգստությունը, քանի որ կառավարությունը մտադրություն չի ունեցել ճնշելու փոքր և միջին բիզնեսը, այլ հակառակը, այս փաթեթով խնդիր է դրել կայացնել և զարգացնել այն (առանձին):
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Կմեծանա սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է: Այժմ այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այլ համայնքներում համանման գործունեություն իրականացնող սուբյեկտների համեմատությամբ գործում են հարկման հավասար պայմաններում: Որոշմամբ այդ սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից: Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն: «Իրոք, մենք լավ գործ ենք անում, – հարցի վերաբերյալ նշել է վարչապետը: – Ես համոզված եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն: Եթե այնտեղ նոր բիզնես-ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր: Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի»: Ամփոփելով հարցի քննարկումը, Հովիկ Աբրահամյանը հավելել է. «Իհարկե, սա շատ լավ փաթեթ է: Մենք այն քննարկել ենք ԱԺ հանրապետական խմբակցության հետ և առաջարկել ենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն: Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է: Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2014թ. սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով գործադիրը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է մոտ 69 մլն դրամ:
Կգործի ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը, որի համաձայն դեպարտամենտը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Քննչական կոմիտեին ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: Գործադիրը սահմանել է Քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները, Քննչական կոմիտեի ծառայողի՝ լրացուցիչ արձակուրդից օգտվելու իրավունքը: Ընդունված որոշումները կնպաստեն կառույցի ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը:

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ ՊՆ, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների համար 2014թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով նախատեսված դրամական օգնության տեսակների կարգը, չափերը և պայմանները:

Նիստում հավանություն է տրվել երեխաների սնուցման բարելավման հայեցակարգին, դրա 2015-2020թթ. գործողությունների ծրագրին, որոնց ընդունումը և դրան հաջորդող գործողությունների իրագործումը կնպաստեն վաղ հասակի երեխաների սնուցման վիճակի բարելավմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության նվազեցմանը:

Կառավարության հավանությունն են ստացել «Սարանիստ» ՍՊԸ կողմից իրականացվող գործարար ծրագիրը, որի իրականացմամբ լրացուցիչ կստեղծվի առնվազն 100 աշխատատեղ, ՀՀ տեղական համակարգի օպտիմալացման հայեցակարգը և գործողությունների համառոտ ծրագիրը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Գործադիրը հաստատել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
Կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման պետական ծրագիրը, 2014-2020թթ. միջոցառումները: Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ և կենսագործմամբ կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը, համակարգում կապահովվի կենսաբանական և լանդշաֆտային ներկայացվածությունը, կստեղծվի ազգային էկոլոգիական ցանց:
Քանի որ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին» ս.թ. հունիսի 21-ի ՀՀ օրենքով սահմանվել են կառավարության մի շարք որոշումներով կարգավորվող խնդիրները, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած իր չորս որոշումը:
Իր ընդունած վեց որոշմամբ կառավարությունը թույլատրել է լուծարված մի շարք օբյեկտների գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:
Կառավարության որոշմամբ Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում գտնվող հողամասը նվիրաբերվել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ «Վարդուհի» արվեստի դպրոց ստեղծելու և տարածքում գործունեություն ծավալելու պայմանով: Ըստ հաստատված ներդրումային ծրագրի, արվեստի դպրոցի կառուցման համար ծախսվելու է ավելի քան 370 մլն դրամ:
Կարևորվել է սոցիալական ոլորտի օրենսդրությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի վեց, առողջապահության ոլորտի մեկ, գիտության ոլորտի մեկ, ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտի մեկ ծրագրի, Սևանա լճի, Գյումրի քաղաքի վերականգնման 2015թ. ծրագրերի նախագծերին և դրանք «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացնի ՀՀ Ազգային ժողով:

Նիստում հավանություն է տրվել «Ֆինանսական համահարթեցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների, ևս երկու օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով կհստակեցվի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որն իրավասու է քննել օրենսգրքի 195.1-196-րդ և 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները:

Նիստում հավանություն է ստացել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:

Գործադիրը քննարկել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել բռնությամբ կատարած հանցագործության զոհերին՝ եթե հանցագործություն կատարած անձը չի բացահայտվում կամ նա անհասանելի է ՀՀ իրավապահ մարմինների համար, կամ մահացել է, կամ անվճարունակ է: Կառավարության եզրակացության համաձայն քրեական դատավարության գործող օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է պատճառած վնասի փոխհատուցում, ուստի նախագծերի փաթեթն ընդունելի չէ և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Նիստում քննարկվել է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Քանի որ ս.թ. դեկտեմբերի 31-ին լրանում է օրենքի գործողության ժամկետը, հեղինակներն առաջարկում են այն երկարաձգել չորս տարով: Ըստ կառավարության եզրակացության, նշված օրենքը հռչակագրային բնույթ ունի և դրա գործողության ժամկետի երկարացումն արդյունավետ և նպատակահարմար չէ:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. մայիսի 31-ին ՀՀ կողմից ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների իրականացման պատասխանատու պետական մարմին է նշանակվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Նկատի առնելով օպերային երգիչ, դիրիժոր և խմբավար Սիփան Հակոբյանի ծավալած երաժշտական գործունեությունը, բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, գործադիրը որոշել է նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2015թ. ամառային զորակոչը:

ՀՀ կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նրան և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը ներկաներին հակիրճ տեղեկացրել է, թե ինչպես է անցել Հայաստան-Սփյուռք համաժողովը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ կարևորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930