«Անչափահասների հանցագործությունների թիվը այս տարվա ութ ամիսների կտրվածքով 243 է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 241-ի փոխարեն: Սակայն նվազել է հանցագործություն գործած անչափահասների թիվը: Այս տարի այդ թիվը 160 է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 180-ի փոխարեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նրա փոխանցմամբ՝ անչափահասների գողության դեպքերը նվազել են, այնուհետև մանրամասնեց. «Եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում այդ թիվը 131-ն էր, այժմ՝ 116-ը, մարմնական վնասվածքների դեպքերը 11-ով աճել են. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17-ի փոխարեն այս տարի ունենք 28 դեպք, խարդախության դեպքերը նվազել են մեկով, անօրինական զենք կրելը երեք դեպքով աճել է»:
Տիկին Դուրյանը նշեց, որ անչափահասների մոտ բավականին շատ կռփազենքեր են հայտնաբերվել հասարակական վայրերում. այդ թիվը 17-ն է, հայտնաբերվել են նաև 12 սուր կտրող գործիքներ, մուրացկանությամբ զբաղվող հաշվառված անչափահասների թիվը աճել է. Նախկինում 13, այժմ 18 երեխա է հաշվառված: Անչափահաս թմրամոլների թիվը, ինչպես նախորդ տարի, 3-ն է:
Նելլի Դուրյանը շեշտեց, որ եթե անցյալ տարի 1200 երեխաներ էին գտնվում հաշվառման մեջ, ապա այս տարի 300-ն է: Տիկին Դուրյանը նշեց, որ ստեղծվել է միջգերատեսչային աշխատանքային խումբ, որը զբաղվում է անչափահասների հսկողությամբ և իրավունքների պահպանությամբ:
Նելլի Դուրյանը ներկայացրեց նաև ընտանեկան բռնությունների վերաբերյալ վիճակագրություն. «2013-ին արձանագրվել է իգական սեռի նկատմամբ բռնության 2054 դեպք, որից 580-ը գրանցվել է ընտանիքում, անչափահասների նկատմամբ 245 բռնության դեպք, որից 21-ը՝ ընտանեկան, 2014-ի ութ ամիսների ընթացքում իգականի սեռի նկատմամբ 1501 դեպք է գրանցվել, ընտանիքում՝ 374-ը, անչափահասների նկատմամբ 138 դեպք է գրանցվել, որից 7-ը ընտանիքում»:
Կարդացեք նաև
Իգական սեռի նկատմամբ բռնությունները հիմնական պատճառ Նելլի Դուրյանը չի համարում արտագնա աշխատանքը, այլ «դաստիարակությունը, կնոջ ինքնագիտակցության աստիճանը»:
Aravot.am-ի հարցին՝ անչափահասների հանցագործությունների թիվը աճել է, դա մտահոգիչ չէ՞, տիկին Դուրյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր դեպք մեզ համար մտահոգիչ է: Մեկ դեպքն էլ մեզ, ամբողջ հասարակությանը պետք է մտահոգի: Երկու դեպքը չի կարելի ասել, որպես այդպիսին մտահոգիչ է. սա ավելի շատ կայունացում է: Տեսնենք, տարին ինչպես կփակվի, քանի որ յուրաքանչյուր տարի մեզ մոտ նվազման միտում է գնում, որը ամենակարևորն է մեզ մոտ: Անչափահասների՝ ծանր հանցագործությունների թիվը մեզ մոտ նվազում է: Առավել կարևոր ցուցանիշ է այն, որ մեր անչափահաս հանցագործների թվաքանակն է նվազում»:
Հետաքրքրվեցինք՝ մտահոգիչ չէ՞ այն, որ անչափահասների մոտ զենքի հայտնաբերման դեպքերն են աճել: Տիկին Դուրյանը պատասխանեց. «Դա նախևառաջ պետք է մտահոգի մեր ծնողներին և հասարակությանը, որ մեր ծնողներն ավելի աչալուրջ լինեն, թե իրենց երեխան ինչ է տանից վերցնում ու գնում փողոց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ