Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ մոտոցիկլետիստները ցույցեր կանցկացնեն թուրքական դեսպանատների առջև

Սեպտեմբեր 25,2014 14:58

Շուրջ հիսուն մոտոցիկլետիստներ Լոս Անջելեսից մոտոցիկլետներով դուրս կգան և ապրիլի 24-ին կմտնեն Եղեռնի հուշահամալիր: Նրանք կանցնեն տարբեր երկրներով և բոլոր այդ երկրներում ցույցեր կանցկացնեն թուրքական դեսպանատների առջև:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լոս Անջելեսում բնակվող հինգ հայերի կողմից ստեղծված Հայկական մոտոցիկլետիստների բարեգործական ակումբի (Armenian brigade) հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը. «Մեզ համար ամենակարևորը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրում ունենալն է,- ասում է նա,- մեզ հետ ապրիլի 24-ի իրողությունը փաստող պաստառներ և հայկական դրոշներ կունենանք, որոնց վրա սև ժապավեններ ամրացված կլինեն»:

Մոտոցիկլետիստների խումբն այս կերպ ուզում է նաև օտարերկրյա հանրության ուշադրությունը գրավել Ցեղասպանության իրողության վրա: Իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներով անցնելիս շնորհակալություն կհայտնեն նրանց:

Հ. Բոգարյանը նշեց, որ չեն ուզում խոսել երթուղու մասին, որպեսզի իրենց համար ավելորդ խոչընդոտներ չստեղծվեն: Նրանք ուզում են հնարավորինս շատ երկրներով անցնել, բայց երկու խնդիր կա, որոնք կարող են խանգարել նրանց ծրագրերին.

«Առաջին խնդիրը կապված է եղանակի հետ, քանի որ ապրիլի 24-ին այստեղ հասնելու համար պետք է մարտին դուրս գանք Լոս Անջելեսից, իսկ այդ ժամանակ Եվրոպայում անկանոն եղանակ են կանխատեսում, մյուս խնդիրը կապված է այն երկրների հետ, որոնց սահմաններով ուզում ենք անցնել: Մինչ այս մեզ խոստանում էին, որ որևէ խնդրի չենք հանդիպի, բայց հիմա տեսնում ենք, որ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ»,- մտահոգվում է նա:

Մոտոցիկլետիստները, սակայն, գծել են նաև մյուս երթուղին, եթե, այնուամենայնիվ, խնդիրներ առաջանան նախնական ուղեգծի հետ կապված. «Ինքնաթիռով կգանք Վրաստան և այնտեղից արդեն մոտոցիկլետներով կմտնենք Հայաստան: Այս կերպ կխնայենք նաև մեր ժամանակը և հնարավորություն կունենանք ավելի երկար ժամանակ անցկացնելու Հայաստանում՝ ներկա գտնվելով Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին»,- ասաց Հ. Բոգարյանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին մոտոցիկլետներով Եղեռնի հուշահամալիր մտնելու գաղափարն ամերիկահայ մոտոցիկլետիստների մոտ առաջացել է այն ժամանակ, երբ Լոս Անջելեսում մասնակցել են թշնամու դիվերսիոն գործողությունները հետ մղելիս հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված միջոցառմանը. «Մոտոցիկլետներով շարժվեցինք դեպի Ադրբեջանի հյուպատոսարան և այնպիսի աղմուկ հանեցինք, որ ողջ շրջակայքը դղրդում էր»,- պատմում է Հ. Բոգարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ուզում են բարեգործական միջոցառումներ անցկացնել Հայաստանում՝ էլեկտրական սայլակներ բերելով հաշմանդամ ազատամարտիկների համար:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930