Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը ներկայացրեց քաղաքաշինության ոլորտում 2013-ի ստուգումների արդյունքները:
Ըստ հաշվետվության, դպրոցաշինության ծրագրի ստուգման արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, անորակ աշխատանք: Բայց կա տեխնիկական վերահսկողություն իրականացնողի ստորագրությունը, որ ամեն ինչ նորմալ է: Իշխան Զաքարյանը նշեց, որ տեխնիկական հսկողությունը շինաշխատանքների կատարման նկատմամբ շատ դեպքերում ձեւական բնույթ է կրում»:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարց ուղղեց՝ դա ի՞նչ է, ովքե՞ր են տեխնիկական հսկողություն իրականացնողները, ո՞ւմ «հորողբոր տղերքն» են, որ չեն ստուգել: Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ տարիներ շարունակ իրենք միշտ նշել են, որ այդտեղ խնդիր կա. «Չեմ հիշում մի դեպք, որտեղ տեխնիկական հսկողության համար մի դրական բան գրենք հաշվետվության մեջ: Մենք միշտ գրել ենք, որ դա կրում է ձեւական բնույթ: Խախտումներ, ծավալային հավելագրումներ ենք հայտնաբերում, մշտապես կա տեխնիկական հսկողի ստորագրությունը, որ նման բան չկա»:
Դրա համար ՎՊ-ն առաջարկում է գնման պայմանագրի մեջ անպայման ավելացնել մի կետ, որ եթե կատարված աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվում, այդ գումարը հանեն տեխնիկական հսկողություն իրականացնող մարմնից, որպեսզի նա շահագրգռված լինի նորմալ ստուգելու. «Ինքը լիցենզիան ստանում է, մրցույթը շահում է, հետո ոչ մի պատասխան չի տալիս հիմա: Ինչ փաստաթուղթ դեմ են տալիս, ինքը ստորագրում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ