ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի եւ Սամվել Էլբակյանի մեղադրանքը փոխվեց:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը ժամանակ էր տվել մեղադրանքի կողմին մեղադրական ճառին պատրաստվելու համար: Այսօր, սակայն, «Վազգեն Խաչիկյանի եւ 12-ի գործով» մեղադրանքը պաշտպանող դատախազը հանդես եկավ դատաքննությունը վերսկսելու մասին միջնորդությամբ: Նա հրապարակեց, թե ինչումն են մեղադրվում նշյալ 4-ը, ինչը, պարզ էր դարձել դատական քննության ժամանակ:
Թե ինչու մեղադրողը հանդես եկավ այս փուլում, եւ ոչ թե մեղադրական ճառում, հարցրեցինք Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանին:
Կարդացեք նաև
Իսկ առհասարակ, բովանդակային առումով որեւէ նոր բան չնկատեցինք, նշյալ անձինք մեղադրվում են պաշտոնական դիրքը չարաշահելու, որպես խմբի անդամ առանձնապես խոշոր չափի՝ 267 266 819 ՀՀ դրամ հափշտակելու համար:
Որքան ընկալեցինք, միայն տարածքային ստորաբաժանման պետ Սամվել Էլբակյանի մասով կար փոփոխություն, այն է՝ պատրաստել է ցուցակներ, փոխանցել վճարման ծառայությանը, որն էլ կենսաթոշակառուների գումարները յուրացրել է: Ի դեպ, դատական քննության ժամանակ Սամվել Էլբակյանն ասաց, որ վերադասը պահանջել է ցուցակները, ինքն էլ կատարել է նրա պահանջը: Թե ինչ գումար են հանել, ինչպես են տնօրինել, նրան հայտնի չի եղել:
Բացի նշյալ գումարից, Վազգեն Խաչիկյանը հափշտակել էր, ըստ «նոր» մեղադրանքի, 20 միլիոն դրամ:
Սեպտեմբերի 4-ին դատարան էր մուտք եղել «Ամերիա» բանկի գրությունը: Վազգեն Խաչիկյանը վարկ է վերցրել, գրավ է դրել իր անշարժ գույքը, որը գտնվել է Աբովյան փողոցում, ապա երբ արգելանք է կիրառվել նրա ինչքի վրա, այս բնակարանն էլ արհեստականորեն մնացել է արգելանքի տակ: Բանկը նյութական վնասներ է կրել, դիմել է դատարան, շահել է, եւ կար կատարողական վարույթ բնակարանի վերաբերյալ:
Փաստաբան Արա Զաքարյանն առարկեց, ասելով, որ դատավարության կողմ չի քննիչը, կամ բանկը, եւ միջնորդեց, որպեսզի առանց քննության թողնի դատարանը այս հարցը, այլապես, ըստ նրա, դատարանը կվերազանցի իր լիազորությունները:
Մեղադրանքի կողմը չառարկեց:
Դատավորը հանեց բնակարանի վրա կիրառված արգելանքը՝ բանկի գումարի չափով:
Մեկ այլ գրություն էլ դատարան էր ուղարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետից: Ամբաստանյալ Վահագն Խաչատրյանը պլաստիկ քարտ է ունեցել, գումար, սակայն մտահոգված էր, թե իր անունով առկա վարկային գիծը կօգտագործվի: Խնդրում էր լիազորագիր տալ կնոջը, պլաստիկ քարտը նրա անունով փոխելու, եւ վարկային գիծը փակելու համար: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը:
Սամվել Էլբակյանի եւ Վազգեն Խաչիկյանի պաշտպաններ Հովիկ Արսենյանի եւ Ժորա Վարոսյանի մեկնաբանությունները նոր մեղադրանքի կապակցությամբ, դիտեք քիչ անց:
Մեղադրողը, եթե նորից չփոխի մեղադրանքի ծավալը, ապա հոկտեմբերի 2-ին կիմանանք, ում ինչքան տարի է հասնում, կամ հակառակը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ