Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը՝ «ատկատների» մասին պատմող Իշխան Զաքարյանին. «Դրականը ներկայացրեք, էլի»

Սեպտեմբեր 25,2014 14:34

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը ներկայացրեց 2013-ի ստուգումների արդյունքները քաղաքաշինության ոլորտում: Խախտումները ներկայացրեց ՎՊ-ի 6-րդ վարչության պետը: Նա դպրոցաշինության ծրագրի խախտումներին անդրադարձավ:

Պետբյուջեով 2006-ից նախարարությունը սկսել է կրթօջախների շինարարությունը, 74 դպրոցների համար 33 մլրդ 33 մլն դրամ է հատկացվել: Արդեն 17 մլրդ ծախսվել է, որեւէ դպրոցի շինարարություն չի ավարտվել, հետո նորից ծախսվել է 5 մլրդ, էլի չի կատարվել:

Կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներ շարունակ չի կատարվել եւ հարց է, թե երբ կավարտվի: Կասկածի տակ է նույնիսկ ծախսված միջոցների արդյունավետությունը:

Բացի այդ, 11 դպրոցներում կատարած ստուգումների արդյունքում Վերահսկիչ պալատը հայտնաբերել է անորակ աշխատանք:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ «Մենք այդքան շատ խոսում ենք շինարարության ոլորտում ատկատների մասին: Ծավալային հավելագրումների տոկոսն իջել է, բայց արդյոք ամեն ինչ հա՞րթ է քաղաքաշինության ոլորտում: Ոչ, հարթ չէ, որովհետեւ դեռեւս կարիք ունեն շտկման»:

Իշխան Զաքարյանն ասաց, որ դպրոցների շինարարության, օբյեկտների վերանորոգման դեպքում, չգիտես ինչու, այնպես է ստացվում, որ նույն աշխատանքը մի դեպքում կատարվում է ասենք 40 մլն-ով, մյուս դեպքում՝ 100 մլն-ով. «Տեխնիկական հսկողությունը շինաշխատանքների կատարման նկատմամբ շատ դեպքերում ձեւական բնույթ է կրում»:

Վարդան Այվազյանը զարմացավ՝ մրցույթո՞վ են աշխատանքները կատարվում, ո՞նց է ստացվում, որ մեկը նույն աշխատանքները կատարում է 147 մլն, մյուսը՝ 240 մլն-ով, նշանակում է, այդտեղ մրցույթ չկա:

Նիստին մասնակցում էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա վստահեցրեց, որ նմանատիպ աշխատանքը իսկապես հնարավոր է 100 մլն-ի տարբերություն տա:

Իշխան Զաքարյանն էլ բացատրեց ու օրինակներ բերեց. «Դպրոցի շինարարություն է, նմանատիպ օբյեկտների շինարարություն: Դպրոցի հիմնական վերանորոգումը ենթադրում է տանիքի նորոգում, սանհանգույց եւ այլն: Բոլորինը նմանատիպ աշխատանքներ են: Մենք նայում ենք, թե ինչ նյութեր են օգտագործվել: Սալիկ կա, կարող է լինի 20 հազար դրամ, սալիկ կա՝ 200 հազար դրամ, բայց մեր ասած դեպքերում նյութերի առումով էլ էական տարբերություններ չկան: Երբ ասում ենք նմանատիպ աշխատանքներ, սա նկատի ունենք»:

Դպրոցաշինությամբ զբաղվել են մարզպետարանները, քաղաքաշինության նախարարությունը: Այս 8 տարվա ընթացքում պաշտոնյաներ են փոխվել եւ ստացվում է այնպես, որ նորանշանակ պաշտոնյան չի կարողանում պատասխան տալ նախորդի արածների համար:

Լսելով հաշվետվությունը, Վարդան Այվազյանը քաղաքաշինության նորանշանակ նախարարին՝ Նարեկ Սարգսյանին խորհուրդ տվեց. «Հիմիկվանից ասեմ, ում ընդունեք աշխատանքի, նախօրոք հարցրեք, նա պատրա՞ստ է պատասխան տալ նախորդի արածների համար: Եթե պատրաստ չեն, մի ընդունեք: Ինձ ասում են՝ ես նոր եմ եկել, նախկինի արածի համար պատասխանատվություն չեմ կրում: Եթե մենք 5 ամիսը մեկ մարդ փոխենք, փողերը առնեն, դա մնալու է հիմնարկի վրա»:

Այդ մթնոլորտից Գագիկ Բեգլարյանը նեղվեց ու ՎՊ նախագահին խորհուրդ տվեց. «Դրական շարժ էլ կա, դրականը ներկայացրեք, էլի: Թե չէ դուք այնպես եք ներկայացնում…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930