Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ պետք է հանրությանը մամուլի ասուլիսի միջոցով ներկայացներ նիստում քննարկված վարչական իրավախախտումների մասին որոշ մանրամասներ, սակայն ասուլիսն այդպես էլ տեղի չունեցավ եւ պարոն Մանուկյանը դահլիճից հեռացավ:
Ասուլիսին ներկա լրագրողներն արդարադատության նախարարից փորձեցին ճշտել՝ ի՞նչ կարծիքի է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին:
Հովհաննես Մանուկյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, արդյոք, նման «հարուստ կենսագրությամբ» մարդուն, որը մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, կրկին նշանակել մարզպետի պաշտոնում:
Պարոն Մանուկյանը չպատասխանեց Սուրիկ Խաչատրյանի նշանակման վերաբերյալ որեւէ հարցի եւ լքեց սրահը՝ ասելով, որ հանրությանը վարչական իրավախախտումների մասին կներկայացնի այլ միջոցով:
Կարդացեք նաև
Նույն հարցերից խուսափեց նաեւ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, որը ներկայացրեց, թե սահմանային գոտու ձեռներեցներին ինչ արտոնություններ են սպասվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ