«Իշխանափոխություն, որ գոռում են, այսօրվա ռեսուրսով հնարավոր չէ»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով եռյակի պահանջներին և իշխանափոխության անհրաժեշտությանը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ եռյակի ներկայացրած 12 կետերը «փոքր քայլերով արագություն վերցնելու մեկնարկային վիճակ է», և եթե ինքը լիներ ՀՀԿ նախագահը, այդ պահանջների իրականացման աշխատանքը եռյակի հետ կաներ:
Քաղաքագետը հորդորեց անընդհատ չքարկոծել եռյակի ուժերին ու իշխանությանը հիշեցրեց. «Մենք գիտենք, թե ձայները ոնց եք ստացել, ով եք, ինչ եք»: Համամասնական ընտրական համակարգի ներդրման դեպքում պարոն Շիրինյանը որոշ ռիսկեր է տեսնում, մասնավորապես «դա կծնի քաղաքական օլիգարխիա»:
Քաղաքագետն առանձնապես «ողբերգություն չի համարում այն, որ քառյակը դարձել է եռյակ» և խորհուրդ է տալիս սպասել ու տեսնել, թե հոկտեմբերի 10-ին եռյակը ինչ քաղաքական կուրս կառաջարկի: Դաշնակցության այս կամ այն ուժին միանալու հարցը պարոն Շիրինյանը համարում է «քաղաքական նոնսենս» ու կարծում, որ Դաշնակցությունը պետք է իր ուրույն տեղը զբաղեցնի, քանի որ այսօր ՀՀ աշխատավորությունն իր շահերի պաշտպան կուսակցություն չունի:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ հոկտեմբերի 10-ին իշխանափոխության կոչեր կհնչե՞ն, պարոն Շիրինյան պատասխանեց. «Եթե քաղաքական ուժերը 12 կետերից դուրս հայտարարություններ անեն, ապա կնշանակի՝ ուզում են տապալել գործընթացը: Այսինքն՝ եթե իշխանափոխության կոչեր հնչեն, դա կնշանակի համագործակցում են իշխանության հետ և ուզում տապալել գործընթացը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ