Ինչպես հայտնի է, գործող օրենքը փոքր եւ միջին բիզնեսին ազատել է փաստաթղթերով աշխատելու պարտավորությունից։ Դրանով վերջին տարիներին ոլորտը լուրջ առավելություն էր ստացել վարչարարության թեթեւացման առումով։ Մի բան, որ էապես թուլացրել էր հարկային ճնշումը այս խմբի տնտեսավարողների վրա։ Նրանք գրեթե լրիվորեն ազատվել էին թղթաբանությունից։
Սակայն, մյուս կողմից, այդ արտոնությունը նպաստավոր դաշտ է ստեղծել խոշոր տնտեսավարողների ստվերային գործունեության համար։ Փաստաթուղթ չտրամադրելով՝ նրանք կարողանում են խուսափել հարկային պարտավորություններից։ Շրջանառության հարկի մասին օրենքով նվազեցնելով փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը՝ կառավարությունը միաժամանակ մտադիր է պայմաններ ստեղծել ստվերային գործունեության սահմանափակման համար։
Կասկած չկա, որ փաստաթղթավորումը ստվերի կրճատման հիմնական ճանապարհներից մեկն է։ Բայց որքան էլ կառավարությունը հայտարարում է, որ իրենց նպատակը խոշոր եւ ոչ թե փոքր բիզնեսի հարկումն է, այնուհանդերձ այն դժվար է միանշանակ ընդունել։ Եվ դա պատահական չէ, որովհետեւ առանց փոքրերին օրինական դաշտ բերելու՝ հնարավոր չի լինի վերահսկել խոշոր բիզնեսի շրջանառությունը։
Սրանով էլ պայմանավորված է փոքր բիզնեսի անհանգստությունը։ Նրանք մտահոգված են, որ մատակարարումների փաստաթղթավորման պարտադիր պահանջի դեպքում դարձյալ կհայտնվեն հարկային ուժեղ հսկողության տակ։ Առավել եւս, որ օրենքը սահմանել է խիստ պատիժներ։
… Երբ խոշորները ոչ միշտ են փաստաթուղթ տրամադրում մատակարարվող ապրանքների դիմաց կամ տրամադրում են ապրանքի ոչ ամբողջ ծավալի համար, ցանկացած պահի փոքր եւ միջին բիզնեսը կարող է հայտնվել հարվածի տակ։ Նման պայմաններում անգամ մեծագույն ցանկության դեպքում չափազանց դժվար, եթե ոչ գրեթե անհնարին է լինելու ապրանքային մնացորդը համապատասխանեցնել փաստաթղթաշրջանառությանը։ Իսկ դա նշանակում է մշտապես գտնվել թիրախում։
Մանավանդ ցանկացած պահի հարկայինը կարող է գալ եւ մեկ օրվա ընթացքում իրականացնել ընտրված 10 անուն ապրանքի գույքագրում, որը ոչ այլ ինչ է, քան մնացորդի եւ մատակարարման փաստաթղթերի համապատասխանության ստուգում։ Հաշվի առնելով մեր իրականությունը, դժվար չէ պատկերացնել, թե այդ ստուգումներն ինչով կավարտվեն։
Դրանից էլ անհանգստացած են տոնավաճառային առեւտրով զբաղվողները։ Չնայած խնդիրը միայն նրանց չի վերաբերում։ Նույն մտահոգությունն ունեն նաեւ առեւտրի այլ ոլորտներում գործող տնտեսավարողները։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում