Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Դատի հարցերով զբաղվելը ոմանց համար դարձել է հոբբի». «168 ժամ»

Սեպտեմբեր 25,2014 12:46

Հատված «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի հետ հարցազրույցից:

– Ձեր կարծիքով՝ այդ գեղարվեստական կողմը ե՞րբ պիտի մեղմվի, արդեն 5-րդ խորհրդաժողովն է, բայց դեռ գեղարվեստական շունչն էր իշխում։

– Մի մոռացեք, որ Հայ դատով հիմնականում մարդիկ զբաղվում են ոչ թե՝ որպես մասնագիտություն, այլ՝ որպես հոբբի։ Հայ Դատով զբաղվելը ոմանց համար հոբբի է, ոմանց համար՝ նաև հաճույք է, պատիվ է, ոմանք ասում են՝ նաև փող է, ոմանց համար գործ է։ Իհարկե, մեծ մասը հայրենասիրությունից դրդված է անում, բայց հայրենասիրությունը դեռ մասնագիտություն չէ։ Կարող ես հայրենասեր լինել, բայց մասնագետ չլինել։

Ես միշտ ասում եմ՝ եղբայր, մի հրեա իրավաբան վարձեք, թող լինի հակահայ, բայց լինի լավ մասնագետ, իր փողը տվեք, իր գործը թող լավագույնս անի, իսկ իր ներքին համոզումն ինչ է՝ ինձ պետք չէ։ Այդ գեղարվեստականը պետք է ընդունել՝ իբրև ընդհանուր պայքարի ածանցյալ։ Ես երկար տարիներ ապրել եմ սփյուռքում, գիտեմ, որ սփյուռքը շատ ավելի էմոցիոնալ է, իր խոսքի ոճի մեջ ճոխություն է սիրում…

– Խորհրդաժողովի հիմքը դրեց ԱԳՆ-ն, ի դեպ, ոմանք դեռ այն կարծիքին են, որ նման խորհրդաժողովն ԱԳՆ-ի գործառույթն է, ի՞նչ կասեք։

– Երբ որ մենք ԱԳՆ-ում սկսեցինք Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը, Սփյուռքի նախարարություն դեռ չկար, ստեղծվելուն պես նրան փոխանցվեց խորհրդաժողով անցկացնելու գործը։ Եթե ինձ հարցնեք, առհասարակ մեզանում Սփյուռքի նախարարություն պետք չէ լինի, Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի վարչությունը լրիվ բավական է, որովհետև սփյուռքահայերը հանդիսանում են տարբեր երկրների քաղաքացիներ, իսկ այդ երկրները Հայաստանի հետ հարաբերվում են ԱԳՆ-ի միջոցով։ Ի՞նչ է նշանակում սփյուռք՝ չկա նման բան։ Կա ԱՄՆ-ի քաղաքացի, Լիբանանի քաղաքացի, Իրանի քաղաքացի, իսկ սփյուռքը ֆիկցիա է։ Դու չես կարող լիբանանահային, ամերիկահային, իրանահային, մյուսին նույն ձևով մոտենալ, բոլորին դիտարկել մի կառույցի մեջ։ Նրանք բոլորը տարբեր խնդիրներ ունեն, տարբեր իրավական դաշտում են գտնվում։ Որոշել են, ստեղծել են Սփյուռքի նախարարություն, որը ծախսը բավականին շատացրել է։
Ի վերջո, մարդիկ խորհրդաժողովին ելույթներ են ունենում, նշում են գործեր, որոնք կիսատ են մնացել, փող չկա՝ փող են ուզում։ Խորհրդաժողովին ծախսված փողի մի մասը կարելի էր պարզապես ուղղել կիսատ գործերն ավարտելուն։ Ես, օրինակ, Սփյուռքի նախարարություն չէի պահի և առհասարակ մեզանում կկրճատեի ոչ միայն՝ Սփյուռքի, այլ՝ մի քանի նախարարություն ևս։

Անուշ ԹՐՎԱՆՑ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930