Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները «կարմիր քարտ» ցույց տվեցին Հովիկ Աբրահամյանին (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 25,2014 12:35

Այսօր, հազարավոր առեւտրականներ կառավարության շենքի առաջ, ինչպես իրենք որակեցին, «ամոթանքի ակցիա» էին անցկացնում: Նախորդ բողոքի ակցիային, որը տեղի էր ունեցել երկու օր առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ տոնավաճառների աշխատակիցներին տված պարզաբանումները չէին բավարարել, այդ պատճառով այսօր որոշել էին իրենց ակցիայում վարչապետին ամոթանք տալ:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Հովիկ իջիր»,«ամոթ», «մենք չենք ուզում հեռանալ մեր երկրից»:

Հանրահավաքի մասնակիցները, որոնք նաեւ տարբեր մարզերի առեւտրականներ էին՝ «կարմիր քարտ» ցույց տվեցին կառավարության պատասխանատուներին:
Բողոքի ակցիան հսկում էին մի խումբ ոստիկաններ: Ակցիայի մասնակիցներին հատկապես վիրավորել էր այն, որ նախորդ օրն իրենց դեմ հատուկ ջոկատայիններին էին հանել:

Փոքր եւ միջին ձեռներեցները կառավարությունից պահանջում են վերանայել Շրջանառության հարկի օրենքը, մինչ այդ օրենքի գործունեությունը կասեցնել եւ քննարկել շահագրգիռ անձանց հետ, որից հետո միայն կիրառել:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցելուց հետո Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Սպարտակ Ասլանյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց հեռանալ՝ սեպտեմբերի 30-ին ժամը 6-ին լինելու պայմանով:

 

 

Ըստ նրա, այդ օրը ձեռներեցների միությունը հրավիրում է հանրահավաք, որտեղ կբարձրացնեն Շրջանառության հարկին վերաբերող խնդիրներն ու առեւտրականների բողոքները:

Ակցիայի մասնակիցները սուլոցներով հրաժարվեցին հեռանալ՝ պահանջելով՝ «հենց հիմի իրենց պատասխան տալ»:

«Մենք չենք հանգստանալու պայքարելու ենք մինչեւ վերջ»,-ասում էին հանրահավաքի մասնակիցները:

Այդ ընթացքում, երբ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էր տեղի ունենում, կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստն էր անցկացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930