Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկում է հասարակայնության առջև հանդես գալ հաշվետվությամբ

Սեպտեմբեր 25,2014 11:34
hdk

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական Խորհուրդը (ՀԽ) իր հերթական նիստում քննության առավ ՀՀ կառավարության կողմից տարիների ընթացքում կուտակած պետական պարտքի օգտագործման տնտեսական արդյունավետության հարցը:
Հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու արդիականությունը, ինչպես նաև, որ այն կենսական նշանակություն ունի երկրի և ժողովրդի համար և այդ ահռելի գումարների արդյունավետ օգտագործումից է մեծամասամբ կախված ինչպես տնտեսության առաջնային ճյուղերի զարգացման հեռանկարը, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով արտագաղթի կանխումը` ՀԴԿ ՀԽ-ն որոշում կայացրեց դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով հասարակայնության առջև հանդես գալու համապատասխան հաշվետվությամբ:

Ընդգծելով, որ հարցը պահանջում է լայն հրապարակայնություն, հայցում ենք հանրության գործնական աջակցությունը:

Կից ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ:

Հարգարժան պարոն վարչապետ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության 23-ամյա գործունեության ընթացքում ՀՀ իրարահաջորդ կառավարությունների կողմից օտարերկրյա պետություններից և միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանը ստացել է ավելի քան 4,5 մլրդ. դոլարի համարժեք վարկեր:

Առ այսօր իշխանությունները, հատկապես` ՀՀ կառավարությունը, հաշվետվությամբ հանդես չի եկել վարկերի որակական կառուցվածքի, դրանց օգտագործման նպատակների, տնտեսական արդյունավետության առիթով: Վարկերի անվանացանկը, ուղղվածությունն ինքնին հուշում է, որ ստացված վարկերից որևէ մեկը, չնչին բացառությամբ, չի ծառայել երկրի իրական տնտեսության զարգացմանը: Այսինքն, չի իրականացվել վարկային գեթ մեկ ծրագիր, որի նպատակը կլիներ արդյունաբերության, գիտատար և ոչ էներգոտար, գյուղատնտեսության ագրոհամալիր առաջնային ոլորտների զարգացումը: Մանավանդ, որ ՀՀ որևէ կառավարություն չի ունեցել և չունի վարկեր ստանալու և դրանք նպատակային օգտագործելու երկրի զարգացմանն ուղղված ռազմավարական համալիր ծրագիր:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, տարիների ընթացքում վերլուծելով իրեն հասու վարկային ծրագրերը, ուսումնասիրելով հասարակական տրամադրությունները, գտնում է, որ Ձեր կողմից հայտարարված ստվերի դեմ պայքարի շրջանակներում անհրաժեշտ է, որ կառավարությունը հանդես գա արտաքին վարկերի օգտագործման մասին հաշվետվությամբ` շեշտադրելով բոլոր չափորոշիչներով երկրի իրական տնտեսական զարգացմանն ուղղված վարկերի օգտագործման արդյունավետությունը: Այն է` արդյունաբերության հեռանկարային ճյուղեր, գյուղատնտեսական վերամշակող արտադրական ոլորտների համապարփակ զարգացում, արդի գիտատեխնիկական առաջընթաց և այլն:

Համոզված ենք, հաշվետվությունը ի հայտ կբերի արատավոր երևույթների մի ամբողջ շարք` անհեթեթ անվանում կրող վարկեր, մսխված ահռելի գումարներ, այսպես կոչված խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարվող աստղաբաշխական հոնորարներ և անգամ …. ֆինանսների նախարարությունում գրանցված և անհետ կորած միլիոնավոր վարկեր:

Մենք պատրաստ ենք ավելի մանրամասն ներկայացնելու մեր դիտարկումները` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարկային ծրագրերի մի շարք դրվագներում ի հայտ կգա ՀՀ իրավապահ մարմինների միջամտության անհրաժեշտությունը:
Դիմելով Ձեզ, պարոն Վարչապետ, ակնկալում ենք հաշվետվության այնպիսի ձևաչափ, որը հասարակայնության լայն շրջանակներին հասու կդարձնի վերը նշված հարցադրումների պարզաբանումը և կերաշխավորի նոր մոտեցումներ վարկերի որակական կառուցվածքի արմատական փոփոխման համար:

Ժամանակն է հրաժարվել «սպասարկող երկիր» անհարիր պիտակից և աշխարհաքաղաքական փոփոխություններին համարժեք դուրս գալ իրական զարգացման հեռանկարային ճանապարհ:

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական Խորհրդի անունից`
Արամ Սարգսյան

ՀԴԿ մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930