Սույն թվականի օգոստոսի 18-ի վաղ առավոտյան հրազենից կրակ էր բացվել
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա։ Պարզվել էր, որ կրակոցներ արձակածը ՀՀ եւ ՌԴ քաղաքացի Արթուր Միրզոյանն է եւ ոչ թե 43 տարեկան, ինչպես ներկայացնում են ռուսական լրատվամիջոցները, այլ՝ 34: Նրա գործողություններից զոհեր եւ վիրավորներ չեն եղել։
Արթուր Միրզոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածով, նրան սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում։ Օգոստոսի 21-ին դատարանը Միրզոյանին վերցրել էր մեկամսյա կալանքի տակ։ Սեպտեմբերին 17-ին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը որոշում է կայացրել երկարացնել Միրզոյանի կալանքի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 17-ը։ Վերջինիս պաշտպան Գեորգի Շատվորյանը մինչեւ դատարանի որոշումը միջնորդել էր իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել՝ նշելով, որ Միրզոյանը հասարակության համար վտանգ չի ներկայացնում եւ ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ մի գործողություն չի իրականացրել, հետեւաբար՝ վերջնական դատավճռին կարող է սպասել ազատության մեջ։ Խամովնիչեսկի դատարանը, սակայն, մերժել էր փաստաբանի միջնորդությունը եւ որոշել 30 օրով երկարաձգել Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։
Երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում Միրզոյանի մորաքույրը՝ Հերմինե Խաչատրյանը, ասաց, որ Արթուրն ընդունում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, բայց նա պատրաստ էր գրավ վճարել ու երկրից չհեռանալու պայմանով ազատության մեջ սպասել դատարանի որոշմանը։
Խոսելով օգոստոսի 18-ի կրակոցների մասին՝ տիկին Հերմինեն ասաց, որ Արթուրը կրակել է իր օրինական որսորդական երկփողանի հրացանով եւ ոգելից խմիչքի ազդեցության տակ չի եղել. «Իրավապահները ստուգել են, որ զենքը օրինական է եղել, ինչպես նաեւ ստուգել են, որ նա խմիչք չի օգտագործել։ Արթուրը այդ օրը վաղ առավոտյան Թուրքիայի դեսպանատան մոտ բացահայտ կանգնեցրել է իր մեքենան, ապա իջել եւ իր զենքով կրակել Թուրքիայի դեսպանատան վրա գտնվող զինանշանին։ Նա կրակելուց հետո փախուստի չի դիմել, չի դիմադրել, նա գիտակցել է, որ իր արարքը արժանի է պատասխանատվության։ Դրդապատճառները բոլորին էլ պարզ են։ Նա իր այդ քայլով հասկացրել է, որ ինչպես ինքն է պատրաստ իր արարքի համար պատասխան տալ, այնպես էլ պետք է թուրք ժողովուրդը, թուրք կառավարությունը անի դա, առանց որեւէ պատերազմի ու առանց դաժան միջոցների, պարզապես փորձեն պատասխան տալ խաղաղ ճանապարհով։ Նա գնաց այդ քայլին նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, որովհետեւ մենք հիմա գնում ենք մի շատ կարեւոր իրադարձության՝ 100-ամյա տարելիցին, եւ Արթուրն իր անձնական վրդովմունք է փորձել դրանով արտահայտել՝ որպես հայ ազգի ներկայացուցիչ, չնայած նրան, որ բավական երկար ժամանակ ապրում է Ռուսաստանում եւ Ռուսաստանն իր հայրենիքն է համարում։ Նա եղել է միայնակ, եւ դա տեռոր չէր դիտարկվելու։ Արթուրը ադեկվատ անձնավորություն է, ես այս մասին լսելուն պես հասկացա, որ ուղղակի ինքը նման քայլի առանց գիտակցելու չէր գնա»,- մանրամասնեց Հերմինե Խաչատրյանը։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում