Սույն թվականի Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնակատարության օրը, Մերձավոր Արևելքում վխտացող ահաբեկչական կազմակերպություններից ամենավայրագ` ՏԱՀԵՇ խմբավորումը, պայթեցրել է Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի Ռաշտիե թաղամասում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Մշակութային անկրկնելի հուշարձանների միտումնավոր ոչնչացումը առաջին հերթին վկայում է, մարդկությունը դեպի վայրի միջնադար տանող, ահաբեկչական խմբավորումների և նրանց տարատեսակ հովանավորողների բարոյական սնանկության ու վայրագ էության մասին:
Այս բռնարարքի պատասխանատվության իր մեծ բաժինն ունի նաև Թուրքիո հանրապետությունը, ում հովանու ներքո այս տխրահռչակ կազմակերպութիւնը կարողացաւ հսկայական տարածքներ զավթել Սիրիայի և Իրաքի հյուսիսային մասերում և անմարդկային արարքներով ահ ու սարսափ է տարածել անմեղ բնակչութեան մեջ:
Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների սուրբ հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը ուղիղ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զգացմունքների ու արդար պահանջատիրության դեմ, այլ ահազանգ է քաղաքակիրթ ողջ մարդկության համար:
Կարդացեք նաև
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած բարոյական, առաջադիմական եւ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ժողովրդավարական համագործակցության հիմնարար սկզբունքներին` խստորեն դատապարտում է բարբարոսական այս արարքը, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին իրականացնում են ոճրագործ խմբավորումները:
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը կոչ է անում համաշխարհային առաջադեմ հանրությանը, օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին, համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարող առաջադեմ ուժերին և հայկական աշխարհասփյուռ բոլոր կազմակերպություններին` բարձրացնել բողոքի, ընդվզումի և դատապարտման իրենց ձայնը նման ծայրահեղ ու բարբարոս գործողությունների դեմ:
ՍԴՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Երևան 24/9/2014