Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Իմ անձնական մարզիչ Վալտեր Աթանեսյանն ինձ ասաց՝ գնա եւ բարձրացիր»  

Սեպտեմբեր 25,2014 00:01

Խոսելով բռնցքամարտիկ-անձնական մարզիչ-հավաքականի մարզիչ աշխատանքային փոխհարաբերությունների մասին՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն Aravot.am-ին ասաց. «Վերջին 10 ամիսներին հայ բռնցքամարտիկների թե՛ ֆիզիկական, թե՛ որակական պատրաստվածությունն այնքան է բարձրացել, որ միջազգային ռինգում արդեն սկսում են մտածել մեզանից հաղթանակներն այլ ճանապարհներով կորզելու մասին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մոտեցումը, որ դրել, սերմանել ու ստիպում է հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, որից, ի դեպ, անձնական մարզիչները դժգոհում էին, արդարացված են եւ դրանց պտուղները այդ նույն անձնական մարզիչներն են քաղում: Աշխատանքը մերն է, փառքը՝ իրենցը: Երբ նրա սանը դառնում է հաղթող, միեւնույն է, հայտարարվում է անձնական մարզչի անունը: Լիոնել Մեսսիի առաջին մարզիչը էլի նրա մարզիչն է: Բայց Մեսսին ֆուտբոլային բարձունքներին հասել է հավաքականի, իր ակումբի կազմում՝ հավաքականի ու ակումբային մարզիչների ղեկավարությամբ ու շնորհիվ: Մեզանում այդ խնդիրը կար: Բայց աստիճանաբար լուծում ենք դա: Եթե մարզիկը հավաքականում է եւ հավաքականում գլխավոր մարզիչ կա, հավաքականի մարզիկը գլխավոր մարզչինն է: Մի խանգարեք, պարոնայք անձնական մարզիչներ: Մանավանդ, որ ձեր սանը սկսել է միջազգային ռինգում հաջողություններ արձանագրել: Դուք էլի աշխարհի չեմպիոնի մարզիչ եք, որովհետեւ ձեր սանը աշխարհի չեմպիոն է դարձել: Բայց չգիտես ինչի, անձնական մարզիչները համոզված են, որ իրենց սանի հաջողությունները միայն իրենց շնորհիվ է:

Իմ անձնական մարզչից լավը թող ոչ մեկը չլինի: Վալտեր Աթանեսյանը: Մի քանի տասնյակ բարձրակարգ բռնցքամարտիկներ է աճեցրել: Տարիներ էին լինում, երբ Հայաստանի առաջնությունում 12 քաշային կարգերից 8-ում չեմպիոն նրա աշակերտներն էին լինում: Բայց երբ ես արդեն մեծահասակների հավաքականում էի, նա շատ պարզ ու հստակ ինձ ասաց. «Գնա եւ բարձրացիր: Իմ խնդիրը քեզ այստեղ հասցնելն էր»: Մարդը պրոֆեսիոնալ էր ու իրեն խանգարող ավելորդ մեծամտություն չուներ: Իհարկե, փառքը նորից իրենն էր, ես էլի նրա սանն էի, ուրիշ մարզչի անուն այդպես էլ չգրեցի: Հիմա ամբիցիաների խնդիր կա: Մեկը բռնցքամարտիկի հետ մի երկու անգամ խոսել է, հետո ասում է, թե ես խոսեցի՝ դրա համար լավ մասնակցեց: Իսկ երբ մարզիկը պարտվում է, ոչ ոք չի ուզում նրա կողքը կանգնել, ոչ ոք չի ասում, թե ես նրան սխալ խորհուրդ տվեցի, դրա համար պարտվեց: Ցավալի է, բայց զավեշտ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930