Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լյուստրացիան ինչների՞ս է պետք

Սեպտեմբեր 25,2014 18:00

Եթե հայրենասեր ու ոչ գործակալ մեկը ընտրվի երկրի նախագահ

Ուկրաինայի խորհրդարանը՝ Ռադան, ընդունեց լյուստրացիայի մասին օրենք, ինչը մեզանում անպայմանորեն կհանգեցնի նոր քննարկումների՝ Հայաստանում նույնատիպ օրենք ընդունելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դրա մասին խոսք կարող է լինել միայն ներկա ռեժիմից ազատվելուց ու օրինական իշխանություններ ձեւավորելուց հետո: Ոչ միայն Ազգային անվտանգության համակարգը, այլեւ ամբողջ երկիրը Ռուսաստանի կցորդ դարձնող ռեժիմից ակնկալել ճիշտ հակառակին ուղղված՝ պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը ամրապնդող քայլեր, միամտություն է: Մյուս կողմից՝ ձեռքերը ծալած նստելն ու իշխանափոխությանը սպասելն էլ անմտություն է: Փակ շղթան վերջապես ճեղքելու համար անհրաժեշտ է նախապատրաստել հասարակությանը, բացատրել խնդրի կարեւորությունը եւ, ինչո՞ւ ոչ, սկսել լյուստրացիան հասարակական հիմունքով: Չէ՞ որ ռեժիմի հեռացումը ամենեւին չի նշանակի, որ ինքնաբերաբար լուծված կլինի նոր իշխանության ձեւավորումից օտարերկրյա գործակալներին հեռու պահելու խնդիրը: Ո՞վ, եթե ոչ հասարակությունը, պետք է բացահայտի ու դեմն առնի հայոց խորհրդարան սողոսկել ձգտող կամ երկրի նախագահի աթոռին հավակնող օտարերկրյա ազդեցության գործակալի: Իսկ ինչպե՞ս պիտի այդ հասարակությունը դա անի, եթե քաղաքական, հասարակական կազմակերպությունները, մամուլը, հարգանք վայելող անհատները անհրաժեշտ կարեւորություն չեն տալիս խնդրին:

Տեսեք. բոլորովին վերջերս բացահայտվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության երիտասարդ անդամին հավաքագրելու Ազգային անվտանգության աշխատակցի անշնորհք փորձը: Երեք-չորս օր տեւեց սկանդալը: Ասուլիսներ, հայտարարություններ, դիմում դատախազությանը… ու լռություն: Արծարծվե՞ց արդյոք Ազգային անվտանգության ղեկավարության եւ ընդհանրապես՝ ռեժիմի պատասխանատվության թեման: Այլ կուսակցություններ դատապարտող հայտարարություններ արեցի՞ն: Չէ՞ որ երիտասարդի արած բացահայտումը ընդամենը եւս մեկ ապացուցողական դետալն էր այն խայտառակ իրողության, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռեժիմի կողմից օգտագործվում է որպես ներքին քաղաքական պայքարի գաղտնի գործիք:

Վերջերս մամուլի երկու հրապարակումներ գրավեցին ուշադրությունս: Մեկում գաղտնազերծված էր ԽՍՀՄ ԿԳԲ-ի աշխատանքը Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար դասի մեջ ներդրված կամ հավաքագրված իր գործակալների հետ: ԿԳԲ-ական օպերատիվնիկի կազմած շատ հանգամանալից հաշվետվություն էր՝ ամիս-ամսաթվերով, հանձնարարության բնույթով, կատարման արդյունքով ու տասնյակ գործակալների մականուններով:

Երկրորդում՝ ավստրալական մի կայքի հրապարակումից ինձ համար բացահայտեցի, որ Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի երբեմնի առաջնորդ, այժմ հանգուցյալ արքեպիսկոպոս Աղան Բալիոզյանը եղել է ԿԳԲ-ի գործակալ ու կրել «Զորիկ» մականունը:

Նշածս երկու հրապարակումներին ծանոթանալուց հետո ո՞ր միամիտը չի եզրակացնի, որ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների շրջանակում էլ ԿԳԲ-ն պետք է որ անխիղճ որս-հավաքագրում արած լիներ: Հավաքագրվածներից քանի՞սն են դեռ ողջ, ի՞նչ դասեր-աստիճաններ են ստացել այս ընթացքում, ո՞ր բարձունքներն են գրավել, ո՞ր երկրներում են համատեղում Աստծուն եւ Մամոնային իրենց ծառայությունը:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր քաղաքական վերնախավում: Ընդդիմադիրներին եւ, հուսամ, ոչ իշխանականներին՝ հասկացանք, հետեւում են: Իսկ հետեւողներին ո՞վ է հետեւում: Գորիկին ո՞վ է հետեւում: Իսկ Սերժի՞ն: Ստացվում է, որ մեր երկրում ամենավտանգավոր մարդիկ ամենաանվերահսկելիներն են:

Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե նորմալ, հայրենասեր ու ոչ գործակալ մեկը ընտրվի երկրի նախագահ, էլ լյուստրացիան ինչների՞ս է պետք: Չէ՞ որ կտիրապետի ողջ անհրաժեշտ տեղեկատվությանը՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը իրեն են ենթակա, էլ Աստծուց կրա՞կ է ուզելու: Դժվա՞ր է այդ պաշտոններում նշանակել երկու 100 տոկոսով վստահելի, գործունակ մարդու ու այնուհետեւ յուրաքանչյուր այլ նշանակումից առաջ անաչառ տեղեկանք պահանջել նշանակվողի վերաբերյալ:

Պարզվում է՝ դժվար է: Պարզվում է, որ կարող է լինել, օրինակ, այսպիսի անեկդոտիկ դիպաշար: Սկզբում Ղարաբաղից փախած մեկին բերում-նշանակում ես երկրիդ պաշտպանության նախարար, հետո նրան վստահում ես ազգային անվտանգությունը, հետո, այլ վստահելի մարդ չգտնելով, միավորում ես ՆԳՆ-ն ու ԱԱԾ-ն ու էլի վստահում ես նույն այդ միակ վստահելիին, հետո այդ վստահելիի ակտիվ մասնակցությամբ պաշտոնանկ ես լինում ու տասը տարի լուռ խորհելուց հետո հանրահավաքում հայտարարում ես, որ անհրաժեշտության դեպքում կբացատրես, թե ինչ կապ կա Սերժ Սարգսյանի եւ «Նարիմանով» ազգանվան միջեւ:

Անհրաժեշտ է, պարոն նախագահ, վաղուց է անհրաժեշտ: Այս գրառմամբ նաեւ հենց դա էի ուզում ասել:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930