Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն պատրաստ է զիջել, եթե կառավարման մոդելի փոփոխության հարցը հանվի

Սեպտեմբեր 25,2014 16:30

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը չի բացառում, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեն:

– Եռյակը երեկ հերթական հավաքում քննարկել էր հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին եւ մարզային հանրահավաքներին վերաբերող հարցեր: Գլխավոր հարցը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հանրահավաքին մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ, ինչո՞ւ չի քննարկվում:

– Դրանք այն հարցերն են, որ դեռ քննարկման ընթացքում են, եւ հիմա ես չեմ կարող վերջնական ասել: Ոչ միայն ուզել-չուզելով է, նպատակահարմարության հարց կա:

– Կուսակցությունների առաջնորդների` հանրահավաքին մասնակցության նպատակահարմարության խնդիրը ո՞րն է, եթե խորհրդարանական խմբակցությունների անդամները վստահեցնում են, որ շատ բարեհաջող համագործակցում են, եթե մի քանի ամիս շարունակ տարբեր բարձրագոչ հայտարարություններ հնչեցին համատեղ հանրահավաքին վերաբերող եւ այլն:

– Ոչ, ես նկատի չունեմ, որ որեւէ մեկն ասում է, թե կուսակցությունների ղեկավարները հանրահավաքին չմասնակցեն: Եվ երկրորդ` իսկ ո՞վ ասաց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը միակն է լինելու: Այդ հանրահավաքը միակը կամ վերջինը չի լինելու: Մենք հիմա քննարկում ենք իրավիճակը` ո՞ր պահին՝ սկզբի՞ց, թե՞ հետո իրենք միանան մեզ: Դրանք հարցեր են, որոնք նաեւ հանգամանքների հետ են կապված: Այսինքն՝ բովանդակային առումով խնդիր չկա, քննարկումը զուտ տակտիկական մասին է վերաբերում: Ընդհանուր հայտարարի դեռ չենք եկել:

– Հոկտեմբերի 10-ից հետո էլի՞ հանրահավաքներ են լինելու, նստացույցեր, շուրջօրյա հանրահավաքներ հնարավո՞ր են:

– Ես հիմա ամբողջ սցենարը չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը միակը չի լինելու:

– ՀՀԿ-ի ներկայացուցիչները մի տեսակ քամահրանքով են խոսում եռյակի հանրահավաքի մասին, ասում են, որ դա կլինի հերթական հանրահավաքը, որտեղ հերթական ճառերը կհնչեն…

– Ուշադիր չեմ հետեւել, քամահրանք չեմ տեսել: Գուցե: Բայց եթե իսկապես քամահրանք կա` չարժե այդպես խոսել, որովհետեւ մենք երկրի համար կարեւոր հարցեր ենք բարձրացնում, որոնց նկատմամբ պետք է ուշադիր լինել: Մեր նպատակն այդ հարցերը բարձրացնելը եւ դրանց լուծումներ տալն է: Մենք ինչ-որ մեկի դեմ չենք խոսում:

– Փաստորեն, իշխանափոխության պահանջի շուրջ էլ դեռ համաձայնություն չկա, քանզի ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ռադիկալ մոտեցում ունեն, իսկ ԲՀԿ-ն դեռ ակնկալում է, որ բարձրացված հարցերին լուծումներ կգտնվեն: Հանրահավաքում իշխանափոխության պահանջ չակնկալե՞լ:

– Մեզ համար կարեւորն այդ հարցերի լուծումն է: Ի՞նչ ձեւով կգնա այդ լուծումը` այդքան էլ կարեւոր չէ: Մենք հույս ունենք, որ կկարողանանք հորդորել, ճնշումներ բանեցնել, որպեսզի այդ հարցերը լուծվեն: Թե այդ ընթացքում ինչպիսի՞ պահանջներ կդնենք եւ ո՞ր պահանջները կազդեն՝ ոչ ոք չի կարող հիմա ասել: Նախեւառաջ մենք հավաքում ենք ժողովրդին` ասելու իրավիճակի մասին, տալու մեր գնահատականները, հետո արդեն միասին կքննարկենք ու կորոշենք` ո՞ւր գնալ, ի՞նչ պահանջներ դնել:
Մենք ակնկալում ենք ադեկվատ պահվածք բոլորի կողմից, որովհետեւ կարեւորը հարցերի լուծումն է, ու ակնկալում ենք, որ բարձրացված հարցերի շուրջ կլինի ադեկվատ վերաբերմունք:

– Այսինքն՝ եթե իշխանությունն ընդառաջ գնա, ԲՀԿ-ն է՞լ ինչ-որ պահից ՀՅԴ-ի կեցվածքը կորդեգրի` «թայմ-աուտ» կվերցնի:

– ԲՀԿ-ն կորդեգրի միայն իր կեցվածքը: Սա վերամբարձ հայտարարություն չէ: ԲՀԿ-ն հստակ պատկերացնում է իր պահանջները` ի՞նչ է ուզում, ի՞նչ է հետեւում, իր ուզածների արդյունքում ի՞նչ է լինում: Մենք կանենք այն, ինչը որ երկրի ու ժողովրդի համար ճիշտ է: Դա ենթադրում է մեր բարձրացրած հարցերի լուծմանը հասնելը:

– ՀՅԴ-ի քայլը շատերի կողմից դավաճանական որակվեց: Դուք է՞լ եք մտածում, որ ՀՅԴ-ն դավաճանել է քառյակին:

– ՀՅԴ-ն քաղաքական ուժ է, եւ ամեն մի քաղաքական ուժ ինքն է որոշում, իր պահվածքով, կեցվածքով ու քայլերով ինքն է թելադրում, թե հասարակությունն ինչ գնահատական տա իրեն: ՀՅԴ-ն որոշել է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում իր պահվածքն այդպիսին է լինելու, մենք ըմբռնումով ենք մոտենում եւ գնահատական չենք տալիս: ՀՅԴ-ն համարում է, որ սահմանադրական բարեփոխումներն իրենց համար կարեւոր են, մենք այլ կարծիք ունենք: Հետեւաբար մենք կողմ ենք պայմանավորվածությանը, որ այդ հարցից դուրս քառյակը պահպանում ենք:

– Իր վերջին հարցազրույցում անդրադառնալով հենց սահմանադրական փոփոխություններին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց` փաստաթուղթը լինի, հետո կարծիք կհայտնենք: Այսինքն՝ չի՞ բացառվում, որ փաստաթուղթը ԲՀԿ-ին բավարարի:

– Եթե կառավարման համակարգի փոփոխության հարց չի դրվում, մնացած` դատաիրավական, կառավարության կառուցվածքի եւ այլ բարեփոխումները մենք պատրաստ ենք քննարկել: Խոսվում էր, որ պետք է մի քանի վարչապետներ նախատեսենք Սահմանադրությամբ, պատրաստ ենք քննարկել, բայց մենք գտնում ենք, որ կառավարման մոդելի փոփոխությունը ճիշտ չէ, ու չենք քննարկի այդ հարցերը: Ընդհանուր առմամբ գտնում ենք, որ հիմա ընդհանրապես այդ բարեփոխումների ժամանակը չէ, շատ ավելի կարեւոր հարցեր կան պետության առջեւ ծառացած, բայց եթե իրենք ապացուցեն, որ, օրինակ, կառավարության կառուցվածքի փոփոխությունը շատ կարեւոր է երկրի զարգացման համար, կգնանք զիջման, կասենք` փորձենք քննարկել:

– ՀՀԿ-ականները անընդհատ հիշեցնում են, որ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում ներառված էր կառավարման համակարգի փոփոխությունը, ավելին՝ կիսանախագահական համակարգը համարվում էր պետության զարգացման հիմնական խոչընդոտներից: Իսկապես, ի՞նչը փոխվեց, հիմա ի՞նչն է ԲՀԿ-ին խանգարում իր ծրագրային դրույթը կյանքի կոչելու:

– Նախորդ նախագահական ընտրություններից առաջ մենք այդ հարցը բարձրացրել ենք՝ առաջարկելով ընտրություններից հետո քննարկել կառավարման մոդելի փոփոխության հարցը: Հիմա եւս մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել համապետական ընտրություններից հետո: Բայց երբ քաղաքական ուժն իր կառավարման վերջին տարիներին գնում է կառավարման մոդելի փոփոխության, դա նշանակում է պարզապես վերարտադրման միտում: Մենք դեմ ենք նման արհեստական գործընթացներին:

– ԲՀԿ-ն հավակնում է նախագահի աթոռին:

– Ցանկացած քաղաքական ուժ, կարծում եմ, իրավունք ունի նախագահի աթոռին կամ երկրի կառավարման համակարգի բարձրագույն պոստին հավակնելու: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն պատրաստ է ընտրություններից հետո քննարկել կառավարման համակարգի փոփոխությունը, անկախ նրանից` ընտրվածը ԲՀԿ-ի՞ց կլինի, թե՞ այլ քաղաքական ուժից:

– Այն, որ եռյակի հանրահավաքները Աբովյան քաղաքից են մեկնարկում, ինչ-որ խորհուրդ ունի՞:

– Դա պատահական է ստացված, ես անգամ չգիտեի, որ հանրահավաքները Աբովյանից ենք մեկնարկում, որովհետեւ առանձին կազմկոմիտե կա, որն այդ ուղղությամբ աշխատում է:

– Գուցե այդ հանրահավաքի՞ն Գագիկ Ծառուկյանը մասնակցի:

– Մենք պայմանավորվել ենք, որ մարզային հանրահավաքներին մասնակցելու են խմբակցությունների ներկայացուցիչները:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930