Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տաք աշուն լինի էլ, ես դա չեմ կապում այս ուժերի հետ»

Սեպտեմբեր 25,2014 16:00

Հոկտեմբերի 10-ին լինելու է եռյակի հանրահավաքը: ՀԱԿ-ը վստահեցնում է, որ դա լինելու է ձնագնդի նման մեծացող գործընթաց: «Առավոտը» ԳԽ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանին հարցրեց՝ Դուք որեւէ ակնկալիք ունե՞ք այդ հանրահավաքներից. «Ես չեմ հավատում, որ նրանք այնպիսի հուզող հարցեր են բարձրացնելու, որ հասարակությունը կգնա այդպիսի լուծման հետեւից, կգումարվի եւ կպահանջի չգիտեմ ինչ: Նույնիսկ իշխանափոխության պահանջ չկար այնտեղ: Կարմիր գծերի հետ կապված վարորդները նորմալ պայքարում են: Ես էլ, որպես վարորդ, պայքարում եմ: Տրանսպորտի ուղեվարձի գների բարձրացման դեմ ժողովուրդը կարողացել է մի անգամ դեմն առնել եւ էլի կառնի, «Նաիրիտի» հետ կապված՝ կոլեկտիվը պայքարում է: Ես գտնում եմ, որ քաղաքական ուժերը պետք է քաղաքական հարցեր բարձրացնեն: Օրինակ՝ պիտի հարցնեն՝ ԵՏՄ մտնելուց հետո մեր սպառողական զամբյուղն ինչքանո՞վ կբարձրանա»:

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ բարեբախտաբար, Հայաստանում հասարակության շարժումը, պայքարն ավելի ուժեղ է, քան թե քաղաքական գործիչների. «Որոշ դեպքերում ես գտնում եմ, որ քաղաքական միջամտությունը նույնիսկ խանգարում է: Որոշ դեպքերում քաղաքական ուժերը փորձում են այս հասարակական ակտիվության հետեւից գնալ եւ դիվիդենդներ շահել»:

Մեր հարցին՝ այսինքն, ըստ Ձեզ, թեժ աշուն եւ սառը ցնցուղ չի՞ լինելու՝ նա պատասխանեց. «Եթե տաք աշուն լինի էլ, ես դա չեմ կապում այս ուժերի հետ»:

Ինչ վերաբերում է այս ուժերի միջոցով հնարավոր իշխանափոխությանը՝ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ինձ թվում է՝ իշխանափոխության գագաթնակետը եղել է Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելը: Սա է եղել պահանջը, որն իրականացվել է: Ընդ որում՝ ոչ թե ժողովրդի միջոցով, այլ ուրիշ միջոցներով: Հիմա եթե մեկը ուզում է այս վարչապետին էլ փոխի, ուրիշին նշանակի, կարող է անի, բայց ես չեմ տեսնում, որ նույնիսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեն: Ես չգիտեմ՝ ինչի մասին են իրենք խոսելու: Այդ 12 կետերից նույնիսկ ամենակարեւորը՝ ԼՂՀ-Հայաստան հարաբերությունների մասին, ածանցյալ հարց է: Չէ՞ որ այդ հարցը եկել է Մաքսային միություն, ԵՏՄ մտնելու հետ կապված, բայց ինչպե՞ս կարելի է բարձրացնել Լեռնային Ղարաբաղ-Հայաստան որեւէ սահման ունենալ-չունենալու հարցը՝ չանդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: Թող այդ հարցը բարձրացնեն, բայց այդ ուժերի մեծամասնությունը կողմ է ՄՄ-ին: Անկախությունից են խոսում անկախության հիմնադիր իրենց համարող ուժերը, որոնք հիմա Հայաստանի՝ Եվրասիական միության ինտեգրացման կողմ են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930