Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի չէ, թե նոր կրկեսը երբ կբացվի

Սեպտեմբեր 25,2014 15:30

Մինչ Երեւանի կրկեսը փակ է, դերասաններն
ու կենդանիները հյուրախաղերով մարզերում են ելույթներ ունենում

«Ուզում էինք հայտնի երգիծաբան Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը նորակառույց շենքում նշել, մեծ միջոցառում կազմակերպել, բայց, ցավոք, այն մեկ տարի ուշացումով կլինի»,- «Առավոտի» հարցին, թե ի վերջո՝ ե՞րբ պատրաստ կլինի կրկեսի նոր շենքը, պատասխանեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Արդեն որերորդ տարին շարունակվող շինաշխատանքների հետեւանքով մեծ ու փոքր քաղաքացիները զրկված են կրկես այցելելու հնարավորությունից: Ճիշտ է, հին շենքը քանդվելու օրվանից կրկեսը չի դադարեցրել իր գործունեությունը, եւ որոշ բարերարների միջոցներով կրկեսի դերասաններն ու կենդանիները հյուրախաղերով շրջում են հանրապետության մարզերում, այդուհանդերձ՝ անհրաժեշտ պայմանների բացակայությունը կրկեսի լիարժեք գործունեությանը շատ է խոչընդոտում:

Շրջիկ կրկեսը եղել է Լոռիում, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, վերջերս էլ վերադարձել է Արցախից: Բարերարների հետ պայմանավորվածություն կա, որ նրանք հոգան նաեւ արտիստների սննդի հարցերը:

 

Սոս Պետրոսյանը թեեւ չկարողացավ հստակ ժամկետ նշել, թե նոր կրկեսի շենքը երբ շահագործման կհանձնվի, սակայն ասաց, որ այսօր կառուցման աշխատանքներն արագ տեմպերով առաջ են գնում: Նորակառույց շենքի երկրորդ հարկն արդեն ավարտին է հասցվում: Բացի այդ, ինչպես պարոն Պետրոսյանն ասաց՝ վերակառուցումից հետո մի շարք կարեւոր խնդիրներ լուծված կլինեն:

Krkes

«Վերանորոգումից հետո կլուծվի նաեւ ջեռուցման խնդիրը: Կունենանք պարարվեստի եւ դասախոսությունների համար նախատեսված սենյակներ, ինչպես նաեւ հյուրանոցային սենյակներ՝ հյուրախաղերի եկած դերասանների համար»,- ասաց Սոս Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ կրկեսի նոր շենքն իր նախկին չափերից կընդլայնվի 5-6 մետրով, կունենա 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստելատեղ՝ նախկին 1560-ի փոխարեն, եւ հագեցած կլինի ժամանակակից տեխնիկայով:

Գեղարվեստական ղեկավարի ներկայացմամբ՝ նախկինում կրկեսում անհրաժեշտ պայմանները բացակայում էին. ձմռանը շենքում ավելի ցուրտ էր լինում, քան դրսում, իսկ ամռանն «անտանելի տոթ էր»: Պարոն Պետրոսյանը նաեւ նշեց, որ այս ամբողջ ընթացքում արտիստները նաեւ հյուրախաղերով արտերկիր են մեկնել:

Կրկեսի գեղարվեստական ղեկավարը ձեռքբերում է համարում վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվելը:

krkes-2
«Սա ոչ միայն իմ, այլեւ ողջ անձնակազմի մեդալն է: Մենք հպարտ ենք եւ շնորհակալ, որ մեր աշխատանքը գնահատվեց»,- ասում է Սոս Պետրոսյանը: Նշենք, որ կրկեսի շենքը 1962 թվականին կառուցվելուց հետո մինչ օրս երբեւէ չէր վերանորոգվել:
2011 թվականի օգոստոսի 1-ից Երեւանի պետական կրկեսը փակվեց՝ վերանորոգման նպատակով: Շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտին հասցնել 2013 թվականի վերջին, բայց կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ հին շենքը հնարավոր չէ շահագործել. որոշում ընդունվեց քանդել կրկեսի շենքն ամբողջությամբ՝ նորովի կառուցելու համար: Նշենք, որ կրկեսի հին շենքը քանդվեց պայթեցման միջոցով:

Շինարարական աշխատանքների ուշանալու պատճառը նաեւ այն էր, որ շենքի տակը ջուր էր լցվում, եւ հարկ եղավ ջրահեռացման աշխատանքներ իրականացնել:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930