Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը կրակողին չի տեսել, չի բղավել, չի ասել, որ չկրակեն

Սեպտեմբեր 25,2014 15:00

Մեկ այլ վկա հայտնել էր, որ երբ գտնվել է բնակարանի խոհանոցում, լսել է կրակոցներ, իրեն թվացել է՝ ֆիլմ են նկարահանում «Lemon lounge cafe» սրճարանի դիմաց

«Կրակոցի գործը» «թթվել» է դատարանների վրա:
Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գրիգոր Կյուրեղյանը կալանքի տակ վերցվեց 2012թ. հոկտեմբերի 24-ից: Նրան առաջադրված մեղադրանքը փոխվեց: Ապա գործն ուղարկվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը համաներում կիրառեց, չնայած մեղադրող Դավիթ Կարապետյանը միջնորդել էր 5 տարվա ազատազրկում: Բողոքը լսվեց, ուղարկվեց առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով քննելու: Միայն առաջին ատյանում երեք անգամ է լսվել այս գործը, կա երեք դատավճիռ:

Գ. Կյուրեղյանին այս անգամ պատժեցին ազատազրկման ձեւով, պաշտպան Սամվել Հովհաննիսյանը բողոք բերեց, գործը հասավ անգամ Վճռաբեկ: Վճռաբեկը վերադարձրել է: Այս պահին գործի վարույթը վերաքննիչ դատարանում է:
Գրիգոր Կյուրեղյանին մեղադրանք էր առաջադրվել 2012թ. օգոստոսի 31-ին կատարվածի հետ կապված:

Ըստ նախաքննության մարմնի ձեռք բերած տվյալների, Դրոյի 2 հասցեում գործող «Lemon lounge cafe» սրճարանի դիմաց՝ հասարակական մարդաշատ վայրում, Գ. Կյուրեղյանը իր մոտ ապօրինի պահվող` գործով չպարզված հրազենով 9 անգամ կրակել է Վոլոդյա Հովհաննիսյանի ուղղությամբ` մեկ կույր հրազենային վնասվածք պատճառելով աջ գոտկային եւ աջ հետույքային շրջանում, մեկ միջանցիկ հրազենային վնասվածք աջ սրունքի հատվածում եւ մեկ միջանցիկ հրազենային վնասվածք ձախ ծնկափոսի շրջանում` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Մյուս գնդակները կպել էին ճանապարհի ասֆալտե ծածկույթին, սլացել տարբեր ուղղություններով, ստեղծելով վտանգ՝ տարածքում հավաքվածների կյանքի համար:

Դատական քննության ընթացքում մեղադրողը պարզելով, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել Գրիգոր Կյուրեղյանի կողմից կրակոցներ արձակելու ժամանակ կրակոցների ուղղությամբ այլ անձանց գտնվելու հանգամանքը, նաեւ այն, որ Գ. Կյուրեղյանն ուղղակի կամ անուղղակի դիտավորություն է ունեցել իրեն մեղսագրված հանցանքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարելու առումով՝ «Գ. Կյուրեղյանին մեղսագրված արարքի որակյալ տեսակը», այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված լինելու հանգամանքը, սույն դեպքով առկա չէ, ուստի որոշում էր կայացրել Գրիգոր Կյուրեղյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ամբաստանյալ Գրիգոր Կյուրեղյանը հրաժարվել էր դիրքորոշում հայտնել: Նա ցուցմունք էր տվել այն մասին, որ իրեն առաջադրված հանցանքն ինքն է կատարել, սակայն որեւէ մեկի վրա կրակելու դիտավորություն չի ունեցել:

Նա հայտնել էր, որ իր մոտ գտնվող զենքով պատահական ընդամենը մեկ անգամ կրակել է ասֆալտին՝ վախեցնելու նպատակով, սակայն, անկախ իրենից, տեղի է ունեցել կրակահերթ, որից հետո շփոթված հետ է քաշվել եւ ցանկացել է զենքը դնել ապահովիչի վրա, բայց այդ ժամանակ տեղի է ունեցել երկրորդ կրակահերթը, որից շփոթված՝ նստել է մեքենան ու հեռացել:

Ըստ նրա, այդ քայլին գնացել էր, քանի որ իմացել է, որ փողոցում ընդհանրապես մարդ չկա, իսկ շենքի բնակիչներից ոչ ոք չի տեսել, թե իրականում ինչ է կատարվել:
Ըստ ամբաստանյալի, տուժողին ինքն այդ օրը զանգահարել է վերջինիս պարտքով տված իր գումարը ետ պահանջելու հետ կապված:

Տուժող, 4-րդ կուրսի ուսանող Վոլոդյա Հովհաննիսյանն առաջին անգամ դատարանում ցուցմունք էր տվել, որ 2012թ. օգոստոսի 28-ին Վրաստանից եկել է Հայաստան եւ մինչ վարձով բնակարան գտնելը՝ ժամանակավոր բնակվել է Ջրվեժում բնակվող ընկերոջ տանը:
Օգոստոսի 31-ին պայմանավորվել է իր ընկերներից մեկի հետ հանդիպել Զեյթունի «ֆանտանների» մոտ գտնվող բիլիարդանոցում, որպեսզի բիլիարդ խաղան: Ինքն այդ բիլիարդանոց հաճախակի է այցելել: Ժամը 15:30-ի սահմաններում, մինչ բիլիարդանոց հասնելը, «Lemon lounge cafe» սրճարանի մոտ լսել է կրակոց, կռացել է, որից հետո հաջորդ կրակոցը դիպել է իրեն, դրանից բացի, եւս մի քանի վնասվածքներ է ստացել, ինչից հետո ընկել է ու կորցրել գիտակցությունը:

Երբ գիտակցության է եկել, տեսել է իր շուրջը հավաքված մարդկանց, բարձրացել է: Նա նկատել էր, որ վազելով իրեն է մոտենում Գեորգին:

Վերջինս պատահական մեքենայով տուժողին տեղափոխել է Միքայելյանի անվան հիվանդանոց:

Տուժողը հայտնել էր, որ կրակողին չի տեսել, չի բղավել, չի ասել, որ չկրակեն: Ոստիկանությունից իրեն հայտնել են, թե կասկածներ կան, որ իր վրա կրակել է Գրիգոր Կյուրեղյանը, սակայն ինքը դրան չի հավատում, վստահ է, որ Գրիգորն իր վրա չի կրակել, իսկ թե ով է կրակել՝ տեղյակ չէ:

Վկաներից մեկը կրակոցի անընդհատ ձայներ էր լսել, դուրս է եկել տան պատշգամբ: Պատշգամբից տեսել էր, որ կրակոցներն ուղղված են եղել իրենց շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող մի երիտասարդ տղայի ուղղությամբ. «ով կռացած, կքանստած բռնել է ոտքը» եւ կանչում է՝ «վայ, վայ, մի կրակի», իսկ կրակոցները եղել են մոտ 3 հատ: Վկան իրենց շենքի դիմացի «Lemon lounge cafe» սրճարանի խոհանոցի տանիքին տեսել է կանգնած մարդկանց, որոնք «հեռվից դիտել են, սակայն վախեցած լինելու պատճառով չեն մոտեցել, նկատել է միայն, թե ինչպես է դիմացի սրճարանից մի ճաղատ տղամարդ փորձել իջնել տանիքից, սակայն ընկել է գետնին»:

Մեկ այլ վկա հայտնել էր, որ երբ գտնվել է բնակարանի խոհանոցում, լսել է կրակոցներ, իրեն թվացել է՝ ֆիլմ են նկարահանում «Lemon lounge cafe» սրճարանի դիմաց: Դուրս է եկել բնակարանի պատշգամբ, որն անմիջապես նայում է սրճարանին եւ պարզ երեւում է ինչպես սրճարանը, այնպես էլ՝ հարակից փողոցները: Դուրս գալով պատշգամբ՝ տեսել է, որ կրակողը մի երիտասարդ տղա է, ով նստել է սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի մեքենա եւ հեռացել: Իսկ վիրավոր տղան բռնել է ոտքը եւ գոռացել «վախ», մեկ այլ տղա օգնել է նրան նստել մեքենա: Ինքը լսել է մոտ 8 կրակոց, որոնք տեւել են մոտ 2 րոպե: Վկաները նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների հակասությունները բացատրել են ժամանակի գործոնով:

Այս ուշագրավ գործով բողոքի քննությունը նշանակվել սեպտեմբերի 25-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930