Լրահոս
Օրվա լրահոսը

1915-ից հետո հաստատվել էին Կոնդում

Սեպտեմբեր 25,2014 14:30

«Հայոց ցեղասպանությունը տեսած եւ վերապրած հայերի որդիները մնացել են անօթեւան, այն պաճառով, որ օտարի հոգով հայերը խոչընդոտում են իրենց գործողություններով նրանց իրավունքների ճանաչմանը:

Իմ պապս եւ տատս գաղթել են 1915 թվին՝ Արեւմտյան Հայաստանից: Նրանք բնակություն են հաստատել Երեւանում՝ Կոնդում: Հայրս ծնվել է 1936 թվականին՝ Կոնդում եւ ապրել Կոնդում, ես եւ քույրս նույնպես ծնվել եւ ապրել ենք Կոնդում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեր տունը քանդվեց, եւ մենք մնացինք անօթեւան, մեզ ոչ դրամական հատուցում տվեցին, ոչ էլ բնակարան:

2007 թվականին հայրս մահացավ: Հորս մահից հետո ես՝ Մանուկ Հովիկյանս, կրկին փորձեցի վերականգնել մեր ժառանգությունը, ինչն օրենքով պատկանում է մեզ: Հայրս իր եղբայրներից փոքրն էր եւ ոչինչ չի ստացել: Դիմել եմ ՀՀ նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, դատական բոլոր ատյաններին, անցել է ապարդյուն: Մերժվել են իմ իրավունքները վերոհիշյալ պաշտոնյաների կողմից»:
«Առավոտի» հետ իր զրույցն այսպես սկսեց Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից զենքի ապօրինի պահման համար երկարատեւ ազատազրկման դատապարտված Մանուկ Հովիկյանը:

Նախկին դատապարտյալն ասաց, որ պատժի կրումից հետո վերադարձել էր Հայաստան, մինչ օրս չի կարողանում վերականգնել իր հայրական տների՝ Չկալովի փողոցի թիվ 5-ի եւ Ռուսթավելի փողոցի թիվ 5 -ի նկատմամբ ժառանգության իրավունքը: Տները հայտնաբերել էր քանդված, պետական կարիքների համար պետության կողմից ըստ էության բռնազավթված:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Մանուկ Հովիկանի հայցը բավարարել, նա դիմել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն էլ անփոփոխ էր թողել ընդհանոււր իրավասության դատարանի վճիռը:
«Առավոտը» տեղեկացրել էր, որ Մանուկ Հովիկյանը երեք ամիս առաջ դիմել էր Վճռաբեկ դատարան եւ առանց նրա իմացության եւ մասնակցության, դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

Ի՞նչ անի նախկին դատապարտյալը, որը Ռուսաստանից «հանձնվել է» իր ծննդավայրին, պետությանը:

2007 թվականից սկսած՝ Մանուկ Հովիկյանի ոչ մի բողոք պատկան մարմինների կողմից չի լսվում:

Իրավապաշտպան երկու կազմակերպություններ՝ Ավետիք Իշխանյանի գլխավորած եւ Լարիսա Ալավերդյանի հիմնադրած, օգնում են, որպեսզի դիմումներ, միջնորդություններ ուղարկվեն տարբեր ատյաններ, սակայն զուր:

Դատապարտյալն իր տարեց մոր հետ, որը խնամքի կարոտ է, առանց գումար, առանց որեւէ իրավական փաստաթղթի մեկ այս վարձակալած բնակարանն է զբաղեցնում, մեկ այն, գումար չլինելու պատճառով հաճախ հայտնվում է ուղղակի փողոցում:
Բոլոր դատարանները մերժելով Մանուկին, արձանագրել էին, թե «բողոքի հիմքը հիմնավորված չէ»: Մինչդեռ Մանուկը իր արխիվային փաստաթղթերով հիմնավորել էր, որ տունը պատկանել է իր գերդաստանին:

Մանուկ Հովիկյանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, նախ՝ արդար դատաքննության հիմքով, որ առանց իրեն վճռել են իրենց սեփականությունը հանդիսացող ժառանգության հարցը, ապա՝ առանց իրեն եւ իր մորն իրազեկելու, պետությունը պետական կարիքների անվան տակ վերցրել է նրանց բնակարանը, եւ փաստորեն նրանց գցել պետական կարիքի տակ, առանց հատուցման եւ քայլ անելու:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930