Լրահոս
Օրվա լրահոսը

Ասպիրանտուրայում կրեդիտների կիրառումը վիճահարույց է

Սեպտեմբեր 25,2014 13:30

Վերջերս «Առավոտը» «ԿԳ նախարարության ուղեցույցը շփոթ եւ դժգոհություն է առաջացրել» հրապարակմամբ անդրադարձավ հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված ակադեմիական կրեդիտների կիրառման համակարգին, ակնարկելով, որ այն որոշակիորեն դժգոհություն է առաջացրել հայցորդների եւ ասպիրանտների շրջանում:
Ի սկզբանե, կրեդիտների կիրառումը մասնագիտական կրթական համակարգում երկու կարեւորագույն նպատակ հետապնդեց: Առաջին՝ կրեդիտներով չափել եւ գնահատել սովորողի ակադեմիական ծանրաբեռնվածության արդյունքները, եւ երկրորդ՝ որակավորված կրեդիտների հենքով ապահովել սովորողների «ուղղահայաց» ու «հորիզոնական» փոխանցելիություն, որը մեր հանրապետությունում դեռեւս անարդյունավետ է գործում:

Այս առումներով, իհարկե, մասնագիտական կրթության երրորդ մակարդակում ակադեմիական կրեդիտների կուտակումը դառնում է անիմաստ, քանի որ հենց այստեղ է արդեն ավարտվում մասնագիտական կրթական աստիճանային համակարգը, եւ դրանով իսկ, վերանում է կուտակված կրեդիտների փոխանցելիության անհրաժեշտությունը` կրթական գործընթացի հաջորդ մակարդակ («ուղղահայաց» շարժունություն): Կրեդիտների կիրառումը ասպիրանտուրայում վիճահարույց է նաեւ այն առումով, որ հաճախ հնարավորություն չի ստեղծվում իրատեսորեն դրանցով չափելու հետազոտողի ծանրաբեռնվածությունը` հոդված հրապարակելիս, գիտաժողովներին մասնակցելիս կամ գիտական թեզը շարադրելիս: Դրան համակարծիք են նաեւ եվրոպական շատ փորձագետներ, եւ արեւմտյան ոչ բոլոր երկրներում է դոկտորանտուրայում ներդրվում կրեդիտային համակարգ:

Սակայն մեր հանրապետությունում այս հիմնախնդիրը պետք է դիտարկել նաեւ մեկ այլ հարթությունում` հատկապես ասպիրանտական կրթության կառավարման տեսանկյունից: Կրեդիտային համակարգը կանոնակարգում է ասպիրանտի ակադեմիական վարքագիծը: Եթե խոստովանենք, դեռեւս ոչ վաղ անցյալում հատկապես անբարեխիղճ ասպիրանտներն ակտիվորեն չէին ընդգրկվում ամբիոնական աշխատանքներին, արդյունավետ չէին համագործակցում գիտական ղեկավարների հետ, պասիվ դիրքորոշում ունեին անձնական կրթական գործընթացների, համալսարանական գիտաժողովների, ամբիոնական աշխատաժողովների նկատմամբ, իսկ նրանց տարեկան ատեստավորումը` պարզապես ձեւական բնույթ էր կրում:

Կրեդիտային հենքով կազմված ուսումնական պլանները պարզապես ստիպում են ասպիրանտներին եւ հայցորդներին կրեդիտներ կուտակել նշված ուղղություններով, որն էլ ներկայումս դժգոհության առիթ է տալիս հատկապես այն անձանց մոտ, որոնք հույս ունեին, իրենց սովորելու տարիներին, անցյալի իներցիոն ուժով, ընդամենը հրապարակել երկու-երեք հոդված, հանձնել որակավորման մի քանի քննություն եւ թեզ պաշտպանելով` դառնալ գիտության թեկնածու: Բնականաբար, այդ պայմաններում թեթեւանում էր հետազոտողի ակադեմիական ծանրաբեռնվածությունը, սակայն որոշակիորեն տուժում էր ասպիրանտուրայի որակը, քանի որ այնտեղ ոչ միայն թույլ էր կրթական բաղադրիչը, այլեւ ասպիրանտ-բուհ-տնտեսություն-հասարակություն փոխկապվածությունը: Իսկ գիտական հետազոտողների միջբուհական շարժունությունը եւ կրեդիտների ուղղահայաց փոխանցելությամբ միացյալ կրթական ծրագրերի իրականացումն ընդհանրապես բացակայում էր, որն, ի դեպ, Բոլոնիայի ներկայիս գործընթացի պահանջ է:
Ուստի ժամանակն է, որ մասնագիտական կրթական համակարգի երրորդ մակարդակում լրջորեն վերաբերվենք ակադեմիական կրեդիտների կիրառման հիմնավորվածությանը, եւ հնարավորինս, հավատարիմ մնանք Բոլոնիայի գործընթացի շրջանակում դոկտորանտուրայի կազմակերպման Զալցբուրգյան սկզբունքներին:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930