Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասցե օգնություն (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 24,2014 23:33

tumanyan anahit Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի 9-րդ հարկում արդեն մեկ տարի ապաստանել է Թումանյանների ընտանիքը:

Մայրն ու երկու աղջիկներն ապրում են խունացած պատերի մեջ՝ առաստաղից պոկվող քարերից վնասվելու վախով: Տանիքը վերանորոգող չկա:

Ամուսնու մահվանից հետո տիկին Անահիտը երկու անգամ տեղափոխվել է: Երևանի երբեմնի բնակչուհին ավագ աղջկա վիրահատության ծախսերը հոգալու համար վաճառել է Նոր Նորքի իրենց բնակարանը և տուն վարձակալել Հրազդանում: Պարտքերի պատճառով  ստիպված է եղել վերստին կացարան փնտրել: Որոշ ժամանակ հետո տեղեկացել է, որ ինչ-որ մարդիկ օգնության նպատակով այցելել են նախկին հասցեով, սակայն դուռը բացող չի եղել:

Ներկայիս տանն անգամ մինիմալ հարմարություններ չկան՝ խոհանոցի սպասք, լուսավորություն սանհանգույցում, ջրամատակարարում, ջեռուցում: Ջուրը տարաներով հարևանի տնից են բերում:

Ապրուստի միակ միջոցը կենսաթոշակն է: Օրվա մեջ մեկ անգամ են սնվում, այն էլ՝ բարեգործական ճաշարանում: Գումարը բավականացնում է միայն տան վարձավճարի ու կոմունալ ծախսերի համար: «Ամեն ամիս 1600 դրամ վերելակի փող ենք տալիս: Շենքի մուտքի աստիճանները կառուցելու համար վերջին 1000 դրամս էլ տարան: Ասացին՝թե փող չտամ, չեմ քայլի աստիճաններով», – վշտացած պատմում է տանտիրուհին:

Փոքր աղջիկը՝ Լուսինեն, շաքարային դիաբետ ունի: Չնայած հիվանությանը՝ շատ աշխույժ է ու նախաձեռնող: 36-ամյա Քրիստինեն, ի տարբերություն քրոջ, ավելի լռակյաց է և երազկոտ: 3 տարիառաջ ստամոքսի վիրահատություն է տարել, այժմ գանգատվում է որովայնի շրջանում սուր ծակոցներից:  Ընտանեկան բժշկի մեկնաբանմամբ՝  ծակոցները պայմանավորված են հոգեկան ապրումներով, քանի որ հետազոտությունների արդյունքում որևէ բարդություն չի նկատվել:

Քրիստինեն ռուսերենին լավ է տիրապետում. միշտ օգնում է հարևանի երեխաներին դասերը սովորել:  Ամեն օր «Նոր Կտակարան» է կարդում, սակայն մարդկանց անտարբերությունից երբեմն կորցնում է հավատը: Քույրն էլ խիստ տոնով նախատում է նրան, թե՝ մի՛ լացիր, մի դուռ կբացվի:

Թումանյաններին ճանաչող մարդիկ բազմիցս ահազանգել են հեռուստաընկերություններ, բարեգործական կազմակերպություններ, սակայն ոչ ոք առ այսօր չի արձագանքել:

 

 

Անի Անտոնյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930