Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետը՝ Իշխան Զաքարյանին. «Ես երբեք չեմ կարմրել, բայց այսօր կարմրում եմ»

Սեպտեմբեր 24,2014 22:02

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը ներկայացրեց 2013-ի տարեկան հաշվետվությունը եւ  «Փոքր Մհեր» կրթահամալիրի կողմից խախտումներին անդրադարձավ:

Վերահսկիչ պալատը հայտնաբերել էր, որ մասնագիտացված հանրակրթական ուսուցում ծառայությունը մատուցող «Փոքր Մհեր» կրթահամալիրը 271 սովորողի հաշվարկով 365 օրվա համար սննդամթերքի ձեռքբերման համար 145 մլն դրամ էր ստացել պետբյուջեից՝ նշելով, որ շուրջ տարին ծառայություն է մատուցում: Սակայն կրթահամալիրը աշխատել է 101 օր պակաս եւ 40 մլն դրամից ավելի մնացել է օդում, այսինքն, ծառայություն դրա դիմաց չի մատուցել:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ կրթահամալիրի տնօրենը՝ գնդապետ Արայիկ Մուրադյանը: Նրա խոսքերով՝ «Կրթահամալիրը դժվար պայմաններում է հասել արդյունքների, չենք ունեցել շենքային պայմաններ: Մեր բաղնիքի պայմանները, ասեմ, որ գյուղերում էլ այդպիսիք չկան, ինչ մեզ մոտ է: Մեր դպրոցի սաները ընկեցիկ երեխաներ են եւ այնպիսի ընտանիքի երեխաներ, որոնք հնարավորություն չունեն գոնե շաբաթը մեկ անգամ ապահովել երեխաների լողանալու գործընթացը: Մենք, իրոք, 40 մլն ավելի ենք ծախսել: Չունենք տրանսպորտային միջոցներ, ու կրթահամալիրը գտնվում է Հրազդանի կիճում, որտեղ տրանսպորտ չի գնում: Ինչ վերաբերում է գնումներին, մենք հայտարարություն ենք տալիս, ոչ մեկը չի գալիս մեր տված գումարով զբաղվելու գնումներով: Մենք հաշվապահ էլ չունենք: Մենք նախնական զինվորական պատրաստվածությամբ ենք զբաղվում: Մեր սաները այն մարդիկ են, որոնք պետք է կանգնեն սահմանի մոտ:

Ընտանիքում մեծացած երեխան տարբերվում է այն երեխաներից, որոնք մեծանում են «կազարմայում»: Կազարմայում մեծացածերն են պաշտպանելու մեր հայրենիքը, նրանք են այժմ գտնվում մեր սահմանամերձ գոտում, որովհետեւ դա նրանց համար դժվար չի, սովոր են: Մեր շրջանավարտների մեծ մասն այժմ սահմանամերձ գոտում է, սերժանտական կազմում:

Ես մի բան եմ ուզում ասել՝ մենք հիմնականում զբաղված ենք կրթությամբ: Գնումների համար եկեք սահմանենք այնպիսի կարգ, որ մասնագետը նստի հաշվի: Ես 30 տարվա պաշտպանության ոլորտում ծառայություն ունեմ, վերջին  5 տարին է, որ դպրոցի տնօրեն եմ: Ես այսպիսի իրավիճակ երբեք չեմ տեսել, ես երբեք չեմ կարմրել: Զորամասեր եմ ղեկավարել, բայց երբեք չեմ կարմրել ինչ-որ հաշվապահի սխալ հաշվարկման պատճառով: Բայց ես այսօր կարմրում եմ: Ձեր այսօրվա ահազանգից հետո է՛լ դատախազությունից են գալիս, է՛լ քննչական: Ես չգիտեմ ինչ անեմ, բզկտում են դպրոցը»:

Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Հիշեցի այն ժամանակները, երբ ես Սպորտկոմիտեի նախագահն էի, որի ենթակայության տակ 27 դպրոց կար: Բյուջետային հայտեր էին ներկայացնում, ամեն մեկը փորձում էր հիմնավորել, թե ինչու է իրենց դպրոցին շատ գումար պետք: Ինչ դուք խոսում էիք, բյուջետային քննարկման ժամանակ ասեք նախարարությանը: Ձեր հայտը փորձեք պաշտպանել, հասցնել ինչ-որ թվի, որ ձեզ բավարարի: Եթե ֆինանսավորումը քիչ է տրվում եւ այլն, կներեք, դա Վերահսկիչ պալատի խնդիրը չի: Ստուգողները փաստն են արձանագրում: Երբ բյուջեն հաստատվեց, բոլորդ պարտավոր եք սրբորեն դա կատարել: Երբ գրվում է, որ կարտոֆիլի գնման համար պետք է ծախսվի 100 հազար դրամ, ուրեմն պետք է ծախսեք 100 հազար դրամ: 150-160 հազար դրամը որ ծախսում եք՝ խնդիր է դառնալու: Պարոն գնդապետ, դուք խոսում եք խնդիրներից, որոնք այս լսարանի քննարկման թեման չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930