Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» է ուղարկել արձանագրությունները

Սեպտեմբեր 24,2014 21:44

Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեջբերում ենք որոշ արժանահիշատակ հատվածներ նրա ելույթից.

«Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային իրադարձությունների՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի և գալիք տարի նշվելիք 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի ժամանակահատվածում: Շուրջ յոթ տասնամյակ առաջ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձևավորումն էր, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը: 

2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար: Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915թ. Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ համարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ: 

Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցի տարում, ելույթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կկոչեի Պատվո և Պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ. 

Շնորհակալություն Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան: 
Շնորհակալություն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա:
Շնորհակալություն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս:
Շնորհակալություն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան: 

Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից: Շնորհակալություն ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք վստահորեն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապես խիստ կարևոր է, քանզի ժխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է: 

Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Ավաղ, փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահիճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները:

Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: 

Այսօր էլ բոլորիս աչքի առջև են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, երբ կրոնական և ազգային փոքրամասնությունները դառնում են ատելություն դավանող խմբերի թիրախ: Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց ու պայթեցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող: Սիրիայում և Իրաքի հյուսիսում ստեղծված աղետալի իրավիճակն ահագնանում է օր օրի, և այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարավոր խաղաղ մարդիկ, այդ թվում նաև` Հալեպի տասնյակ հազարավոր հայերը: Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի հյուսիս-արևմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, և քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում»: 

Նա խոսել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչության մասին. 

«Արդեն 20 տարուց ավելի է, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարևան պետության ապակառուցողական և առավելապաշտական կեցվածքի պատճառով: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես «թիվ մեկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն: 

Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է՝ միջազգային հարաբերություններում հետևողականորեն առաջ են մղվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշումը: Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետևողականորեն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից մեկը: Եվ պատահական չէ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է: 

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում: 

Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ չտարբերակելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը: 

Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման: 

Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումն է (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: 

Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում: 

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվում է հակամարտող կողմ: 

Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղա-փոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930