Արցախյան խնդրին անդրադարձել է «Գեոպոլիտիկա» պարբերականը՝ Մերձբալթիկան ներկայացնող թղթակցի հոդվածում:
Օգոստոսի սկզբից քաղաքական փորձագետների ուշադրությունը կրկին սևեռվել էր ԼՂՀ-ին . այստեղ 1994-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարից հետո ամենարյունալի բախումներն էին ընթանում : Միջազգային լրատվամիջոցների գնահատմամբ երկու կողմից զոհերի թիվն անցել է 20-ից: Հեղինակի մեկնաբանությամբ՝ զարմանալի չէ, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն իր դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդելու հնարավորություն տեսավ և Վ. Պուտինին որպես խաղարար`արևմտյան «չուզողների» ֆոնին:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում օգոստոսին կայացած հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ ներկայացուցիչներ չկային: Իսկ ինչքանո՞վ է համոզիչ Մոսկվան՝ որպես խաղարար»,- հարցնում է թղթակիցն ու սեփական տեսանկյւոնից, ավելի ճիշտ՝ հենվելով այլ աղբյուրների վրա, ներառյալ ադրբեջանական, մեկնաբանում:
Ըստ հեղինակի, ադրբեջանական կողմը համոզված է, որ ԼՂՀ-ում մարտական գործողությունները հրահրել է Ռուսաստանը: Ավելին, դրանք ուղիղ կապում է Ռուսաստանի շուրջ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով և Արևմուտքի պատժիչ քայլերով: Ադրբեջանցի մի քաղաքագետի կարծիքով՝ Պուտինը լարվածություն է ստեղծել, որ խառնվի ու խաղաղեցնի:
Կարդացեք նաև
Մեկ այլ ադրբեջանցի վերլուծաբան կարծում է, որ այս կերպ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանը ներգրավել Մաքսային միությունում և դրա հետ կապում օգոստոսյան լարվածությունն ու հանգուցալուծումը, քանի որ Սոչիում ևս մեծ ուշադրություն է դարձվել ՄՄ-ին:
Հոդվածագիրը հիշատակում է նաև հայաստանյան վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանին, որը «Գեոպոլիտիկային» ասել է , որ որևէ ապացույց չկա, թե օգոստոսյան դեպքերը հրահրել է Ռուսաստանը: Ուղղակի Մոսկվան օգտվել է ստեղծված իրավիճակից, որպեսզի վերականգնի իր միակողմանի դիվանագիտական նախաձեռնությունները ` Մինսկի խմբից դուրս:
Ընդ որում, Գիրագոսյանը նախազգուշացրել է, որ դա կարող է ԼՂՀ խաղարար զորք մտցնելու պատրվակ դառնալ, քանի որ հարավկովկասյան այլ թեժ կետերում Ռուսաստանը նման փորձ արդեն կիրառել է ` սկսած ռուսական անձնագիր բաժանելուց: Այսքանով հանդերձ, փորձագետը վստահ է, որ Ղարաբաղը հերթական խաղաղապահ գոտին չի դառնա Ռուսաստանի համար: Գիրագոսյանը հայտարարել է, որ Երևանը, Բաքուն և Ստեփանակերտը 100%-ով միակարծիք են «Ոչ` ռուսական խաղաղապահ ուժերին» հարցում: Ադրբեջանի համար դա կնշանակեր հակամարտության սառեցում, իսկ Հայաստանն ու ԼՂՀ-ն զորքեր մտցնելու անհրաժեշտություն չեն տեսնում: Միակ տարբերակը խաղաղապահներ մտցնելու համար կարող է լինել պատերազմի վերսկսումը, սակայն այն քիչ հավանական է, չնայած որ «Պուտինի շրջապատոեւմ մարդիկ կան, որոնք պատրաստ են զենք մատակարարել երկու կողմին էլ»:
Սոչիի հանդիպումը, ըստ մեր հայրենակցի, կարևոր էր, բայց այն կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ, քանի որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այսպիսի հանդիպումները , առանց ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրների, շարունակվելու են, ինչին ի պատասխան, Սարգսյան-Ալիև հանդիպում է կազմակերպվել սեպտեմբերին` ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում : «Այստեղ գործ ունենք մրցակցության հետ»,- ասել է փորձագետը:
«Չնայած իսկապես Սոչիիից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հանդարտվել է, հազիվ թե կարելի լինի Պուտինին խաղաղության աղավնի համարել»,- եզրակացնում է հոդվածագիրը՝ մյուս կողմից բացառելով նաև Ղրիմի սցենարի կրկնությունը , քանի որ հակամարտող կողմերից և ոչ մեկը ռուսական խաղաղապահների ներկայությունը չի ցանկանում տեսնել տարածաշրջանում:
Պատրաստեց Սյունե ՍԵՎԱԴԱՆ