Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկը 2015 թ. մարտին կգա Հայաստան

Սեպտեմբեր 24,2014 19:51

«Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը միայն հուշարձանի դեմ չէր ուղղված»՝ ասաց Մայր աթոռի դիվանապետը: 

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը համընկավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությանն ու Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ինչը մամուլում տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: 

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չցանկացավ անդրադառնալ այդ մեկնաբանություններին: Նա նախընտրեց ասել իր կարծիքը. «Եկեղեցու պայթեցումը միայն պատմամշակութային կամ պաշտամունքային հուշարձանի դեմ չէր ուղղված,- ասում է նա,- ուղղված էր ընդհանրապես Հայոց ցեղասպանության, մեր ժողովրդի ընկալումների, սպասելիքների դեմ: Փորձ արվեց ահաբեկչության ճանապարհով վիժեցնել այն գործընթացը, որը հարյուր տարի շարունակ մեր ժողովուրդն ունեցել է իր սրտում՝ որպես պահանջատիրություն: Եվ ես կարծում եմ, որ այս ահաբեկչական գործողությունը, որքան էլ ցավալի է, պետք է ծառայեցնել Ցեղասպանության նահատակների նկատմամբ մեր ուխտը վերանորոգելուն»:

Ինչ վերաբերում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարությանը, Մայր աթոռի դիվանապետը գտնում է, որ քայլն արդարացի է և մեր պահանջատիրական ձգտումների համատեքստում. «Կարծում ենք՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինն ամեն ինչով պիտի աջակցի այս ծրագրի բարեհաջող ընթացքին»,- հավելեց նա: 

Սրբազանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 18-21-ը Մայր աթոռում գումարված եկեղեցական ներկայացուցչական 5-րդ ժողովին՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը ոչ միայն համընդհանուր խնդիրներ քննարկելու, այլև Մայր աթոռի ու Առաքելական եկեղեցու թեմերի միջև կապը սերտացնելու առումով: 

Տ. Արշակ եպիսկոպոսի փոխանցմամբ՝ ժողովի շրջանակներում քննարկվել են նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսված միջոցառումները, որոնցում կարևոր տեղ է զբաղեցնում Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը. «Սրբադասման հարցը գտնվում է եպիսկոպոսաց ժողովի իրավասությունների շրջանակներում, և Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ եպիսկոպոսաց ժողովն արդեն որոշ չափով քննարկել է Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը: Այն սկզբունքորեն արժանացել է հավանության, մնում է միայն արարողակարգային հարցերի հստակեցումը, որը կարվի նոյեմբերի 11-13-ը նախատեսված եպիսկոպոսաց հաջորդ ժողովի ժամանակ»,- ասաց Տ. Արշակ եպիսկոպոսը: 

Նա նաև տեղեկացրեց, որ 2015 թ. մարտին նախատեսված է Հռոմի պապ Ֆրանցիսկի այցը Հայաստան, որը միաժամանակ և´ պետական, և´ եկեղեցական բնույթ կկրի. «Պապի այցելությունը Հայաստան հանգրվան կդառնա հարաբերությունների ջերմացման ուղղությամբ»,- հույս հայտնեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930