Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ավարտվեց Արտակ Բուդաղյանի գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստի ժամանակ շարունակվեց ապացույցների հետազոտությունը, տեսաձայնագրության վերաբերյալ կողմերը հանդես եկան հայտարարությամբ: Սակայն նախքան հետազոտությունը, տուժող կողմի՝ Սուրիկ Խաչատրյանի կնոջ Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը եւ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայլ Ալումյանը նշեցին, որ տվյալ գործի նախաքննության ընթացքում աբսուրդային որոշումներ են կայացվել: Խոսքը վերաբերում է այն բանին, որ քրեական գործի նախքննության փուլում Նիկոլայ Աբրահամյանը ճանաչվեց տուժող, իսկ Էմիլ Բուդաղյանն էլ՝ տուժողի իրավահաջորդ:
«Այս գործով Նիկոլայ Աբրահամյանին համարել տուժող՝ անթույլատրելի է, դատարանն իր հերթին նրան տուժող չի ճանաչել : Իրոք անհեթեթություն է, որ այս գործում կա մի տուժող, որը ոչ մի բանից չի տուժել այն մեղադրանքից, որը քննվում է դատարանում, մեկ խայտառակ աբսուրդ եւս կա: Հանրահայտ է, որ տուժողի իրավահաջորդը հանդես է գալիս տուժողի կողմից, այսինքն ի՞նչ է ստացվում, տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանը՝ Արտակ Բուղյանի հայրը, արդյոք պետք է լինի մեղադրանքի կո՞ղմ եւ նստի մեր կողքի՞ն…», – ասաց Ռուբեն Սահակյանը:
Նույն կարծիքին է նաեւ Հայկ Ալումյանը: «Նախաքննական մարմնի որոշումների արդյունքում գործը գլխիվայր է շուռ եկել, եւ հիմա ունենք աբսուրդային իրավիճակ, որ այս փաստի առթիվ հարուցված քրեական գործով էմիլ Բուդաղյանը հանդիսանում է տուժողի իրավահաջորդ, իսկ Նիկոլայ Աբրահամյանը՝ տուժող: Երբ մարդիկ կան, որ քրեական գործով որպես մեղադրյալ էին ու հանկարծ ազատվեցին քրեական պատասխանատվությունից, իսկ մարդիկ կան, որ քրեական գործով պետք է լինեին տուժող՝ հանկարծ դարձան մեղադրյալ», – ասաց պարոն Ալումյանը:
Տեսաձայնագրության հետազոտության ժամանակ կողմերը հանդես եկան հայտարարություններով, որոշ դրվագների հետ կապված էլ կարծիքները հակադիր էին:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին, որի ընթացքում կշարունակվի տեսաձայնագրության հետազոտությունը:
Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը միջնորդեց, որպեսզի խոհանոցում տեղի ունեցած զրույցի հետազոտությունն արվի փորձագետի մասնակցությամբ, քանի որ տեսաժապավենի որակը վատ է, եւ ձայնը պարզ չի լսվում:
Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստի ժամանակ շարունակել հետազոտման գործընթացը՝ փորձագետի մասնակցությամբ, որից հետո արդեն դատարանը կլսի տուժող կողմին՝ Լորետա Բարսեղյանին:
Նշենք, որ այսօրվա նիստին վկա հանդիսացող Տիգրան Խաչատրյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, չէր ներկայացել, դատարանը որոշում էր կայացրել նրան բերման ենթարկել: Որոշումն անփոփոխ է մնացել:
Նիստի ողջ ընթացքում դատարանի շենքի առջեւ բողոքի որեւէ ակցիայի ականատես չենք եղել, ինչպես շրջանառվում է մամուլում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ