Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը՝ Իշխան Զաքարյանին. «Ձեզանից ո՞վ կկարողանա սուպ կամ փլավ պատրաստել 350 դրամանոց բրնձով»

Սեպտեմբեր 24,2014 18:33

Այսօր Վերահսկիչ պալատը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում 2013-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ կրթահամալիրների որոշ խախտումներին, այդ թվում նաեւ Երեւանի Ֆիզմաթ հատուկ դպրոցի խախտումներին:

Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը սկսեց մանրամասն բացատրություններ տալ: Նա վստահեցրեց. «Մենք առաջնորդվում ենք «Գնումների մասին» օրենքով: Ես հավաքել եմ 300 կազմակերպության էլեկտրոնային հասցեներ, որպեսզի կարողանամ բոլորին տեղեկացնել իմ կատարելիք գնման մասին, որն աբսուրդ է: Բանուգործը թողած՝ ուսումնական հաստատության տնօրենը նստած զբաղվում է այդ հարցերով: Կարող եք ասել՝ թող ուրիշը զբաղվի, բայց ֆինանսական պատասխանատուն ես եմ: Ես չարչարվում եմ, 300 հոգու նամակ եմ ուղարկում, ինձ ներկայացնում են 3-4-ը: Շահել են նրանք, ովքեր ամենացածր գինն են ներկայացրել: Գիտեք, այդքան հեշտ չի շուկան ուսումնասիրել: Տարբեր սուպերմարկետներ մտնում ենք, ուզում ենք գինը քննարկել, դուռն են ուղեկցում, ոչ մեկը չի ուզում իր գներն ասի: Լավագույն դեպքում մենք ծածուկ տեսնում ենք: Եկեք մեզ մոտ ստուգեք, մինչեւ մեկ մլն դրամի գնում կատարելու խնդիրը, տեսեք՝ որեւէ ուռճացած գին կտեսնե՞ք այնտեղ, չեք տեսնի»:

Տնօրենը Իշխան Զաքարյանին ասաց. «Ինձ թույլ տվեք, ես գնամ կարտոֆիլը մեր գյուղից առնեմ: Անցած տարի, ես ուսումնասիրել եմ ֆիննախի՝  կարտոֆիլի դրած գինը: Ինչ աբսուրդ բան՝ կարտոֆիլի գինը միջինը կազմում էր 140 դրամ: Ես, վախենալով, իմ նախահաշիվը կազմեցի 140 դրամով: Իմ կարտոֆիլն ամբողջ տարի մատակարարը մատակարարում է 135 դրամով: Դա աբսուրդ թիվ է, որովհետեւ անցած տարի մինչեւ հունիսի վերջը կարտոֆիլի գինը 200 դրամից մի կոպեկ ցածր չի եղել: Հետո գիտե՞ք ինչ, որակի խնդիրը շատ կարեւոր է: Կարտոֆիլ կա, որով միայն կարելի է կարկանդակ պատրաստել: Կարտոֆիլ կա, որ անասնակեր կդառնա: Բայց կարտոֆիլ կա, որը պետք է  կերակրել համապատասխան մակարդակով: Եվ ոչ միայն կարտոֆիլը: Կարագի տարբեր գներ կան: Կա սփրեդ, որը կարագ չի, կա Նոր զելանդական, կա Անկոր: Նայած ով ինչ է ուզում: Եթե ես իմ ֆինանսների մեջ տեղավորվում եմ, թույլ տվեք ես որոշեմ, թե ինչ եմ ուզում, ինչպիսի շոկոլադ եմ ուզում՝ ուկրաինական բատոնը՝ փաթաթած շոկոլադի տեսքո՞վ, թե՞ շոկոլադ: Օրենքը թույլ չի տալիս, որ ես մատնանշեմ «Գրանդ Քենդի»:

Դպրոցի տնօրենը անդրադարձավ նաեւ բրնձի գներին. «320-ից սկսած մինչեւ մի քանի հազար դրամանոց կա: Ձեզանից ո՞վ կկարողանա 50 հոգու, 500 հոգու համար ճաշ պատրաստել, դա կլինի սուպ թե փլավի տեսքի՝ 350 դրամանոց բրնձով: Ո՞վ կկարողանա: Բոլորը շիլա կդառնան: Դրա համար մենք ընտրել ենք, միջինը 480 դրամով ենք բրինձն առնում: Մեզ համար անցանկալի երեւույթ է գնումներ կատարելն առհասարակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Վերահսկիչ պալատը հիմնականում զբաղված է մանր-մունր խախտումներից աղմուկ բարձրացնելով` ինչքան աղմուկը բարձր, այնքան գոհունակությունը մեծ: Բայց հասարակությունն այդպես էլ չնկատեց, որ պալատի կողմից մի քանի խոշոր խախտումներ բացահայտվեն, և այնպես անհերքելի ապացույցներով, որ հետո գործը միանշանակ ընթացք ստանա, մսխված գումարներն էլ խախտողների կողմից անխուսափելիորեն ետ վերադարձվեն և մեղավորներն էլ պատժվեն: Մեր մոտ այսպիսի լուծումը կարելի է սպասել միայն երևակայական ժանրում: Իսկ Ֆիզմաթ դպրոցի տնօրենին կնեղեն, հաշվի չառնելով որ այդ մարդը իր հիմնական գործառույթներն է համարում բարձր առաջադիմությամբ աշակերտների մեծ քանակ ապահովելը, դպրոցական միջազգային օլիմպիադաներում իր դպրոցի սաների հաղթելու ավանդույթը պահպանելը, հանրապետության և միջազգային ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին մեծ քանակությամբ հաղթող դիմորդներ պատրաստելը, այլ ոչ թե ամենաէժան բրինձ ու ամենաէժան կարտոֆիլ գտնելն ու գնելը:
    Բան են գտել` ինչու ես 480 դրամանոց բրինձ գնել և ոչ թե` 350 դրամանոց: Շատ էլ լավ են արել, որ աշակերտների համար որակյալն են գնել: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե Վերահսկիչ պալատի անդամները քանի դրամանոց բրինձ ու կարտոֆիլ են գնում իրենց տան համար: Եթե դպրոցի տնօրինությունը 480 դրամանոց բրնձով աշակերտներին չի կերակրել, այլ տնօրենն ու ուսուցիչներն են կերել` դա ուրիշ գործ, երեխաների ուտելիքը յուրացնողներին պատժեք: Իսկ եթե պարզապես աղմուկ եք ուզում բարձրացնել, նման աղմուկներից արդեն հոգնել ենք:

  2. Նվեր (Ստեփանակերտ) says:

    Էն կաբելն ի՞նչ եղավ, կաբելը…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930