Լրահոս
Օրվա լրահոսը

«International New York Times»-ում Սերժ Սարգսյանի հոդվածը. «Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը»

Սեպտեմբեր 24,2014 18:24

Այսօր առավոտյան ՄԱԿ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ժամեր առաջ ամերիկյան հեղինակավոր “International New York Times” պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար: 

Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության  մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ  տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը:  Վերջիններիս թվում էին նաև հայերը, ովքեր գրեթե բնաջնջվեցին երկրի երեսից:

Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է այն իրադարձությունների հարյուրամյակը, որոնք հանդիսացան Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային տեղահանումների և սպանությունների գագաթնակետը: 1915թ. դարձավ Օսմանյան Թուրքիայի կողմից մշակված և դեռևս 19-րդ դարի վերջերից գործի դրված՝ հայերի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և  ցեղասպանության քաղաքականության բարձրակետը, որը որպես  այդպիսին ճանաչվել է դեռևս այդ ժամանակ: 1915թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ «Օսմանյան իշխանությունների թողտվության պայմաններում, հաճախ նաև վերջիններիս աջակցությամբ,  մոտավորապես մեկ ամիս շարունակ Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը կոտորում է հայերին»: Այս հայտարարությունը կարող է համարվել այն առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ հիշյալ իրադարձությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված Թուրքիայի նոր հանցագործություն»:

Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ մի ողջ ազգի ոչնչացմանն  ուղղված վայրագությունների չափերն ու մասշտաբները դարձնում են դրանք աննախադեպ պատմական ողբերգություն, որը խլեց 1.5 միլիոն հայի կյանք: Այն մի ողջ ազգի ոչնչացման նպատակ էր հետապնդում, և  դա գրեթե հաջողվեց: 1929թ. լույս տեսած «Համաշխարհային ճգնաժամը» գրքում Ուինստոն Չերչիլը գրելու էր. «Պատմությունն ապարդյուն է փնտրելու Հայաստան բառը»:

Իսկապես, լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինըառաջին անգամ գործածել է «ցեղասպանություն» եզրույթը՝ բնորոշելու ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան իշխանությունների կողմից, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունները: Երկու դեպքում էլ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել առավել լայն՝ պատերազմի համատեքստում: Ըստ պատմաբան Մարկ Լևինի,  դա պատերազմ է ոչ թե պետությունն ընդդեմ պետության,     այլ պետությունն ընդդեմ ազգի: Այլ խոսքերով, ցեղասպանությունը պատերազմի տեսակ է, որը պետությունը կամ ռեժիմն իրագործում է ժողովրդի դեմ:

Հայոց ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված  հրեաների Ողջակիզման, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում  իրագործված ցեղասպանությունների տխրահռչակ «իրավանախորդն» էր: Պատմության մութ շրջանը  կրկնում է ինքն իրեն մասամբ նաև անցյալում անավարտ մնացած գործերի պատճառով: Հայոց ցեղասպանության անպատիժ մնալու փաստը մեծ խթան էր ապագա բռնապետերի համար: Ադոլֆ Հիտլերը, օրինակ,  եկավ այն եզրահանգման, որ միջազգային հանրությունը պատրաստ է հանդուրժելու ցեղասպանությունները, հատկապես երբ դրանք տեղի են ունենում «պատերազմի մշուշի» ներքո:Հիտլերի մտքում մեծ մասամբ հայերի կոտորածներն էին, երբ 1931թ.՝ նախքան իշխանության գալը, նա քննարկում էր ոչ գերմանացի փոքրամասնությունների տարաբնակեցման քաղաքականության անհրաժեշտության հարցը. «Մենք մտադիր ենք իրականացնել տարաբնակեցման քաղաքականություն: Մտածե՛ք աստվածաշնչյան տեղահանությունների և միջնադարյան կոտորածների մասին… և հիշե՛ք հայերի բնաջնջումը»: 1939թ. Հիտլերը կրկնեց այս խոսքերը լեհ բնակչության հանդեպ ծրագրած քաղաքականության համատեքստում. «Ես պատրաստության եմ բերել  իմ ստորաբաժանումները, առայժմ միայն արևելքում` հրամայելով նրանց, առանց գթալու և խղճահարության, անխտիր սպանել լեհ ազգին կամ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այս միջոցով մենք ձեռք կբերենք մեզ անհրաժեշտ կենսական տարածքները: Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»:

Հայոց ցեղասպանությունը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին: Նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, ապագա ցեղասպանությունները հասկանալու և կանխարգելելու բանալին է: Չնայած 1948թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի գոյությանը, որը կոչված է կանխարգելելու հետագա ցեղասպանությունները՝ մենք վստահ ենք, որ այս կամ ցանկացած այլ փաստաթուղթ չի կարող պատշաճ կերպով իրականացվել, քանի դեռ նախորդ կոտորածները չեն , ճանաչվել: Մենք համարում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն: Եթե այն արդարացիորեն ճանաչվեր, կարող էր ապագա ոճրագործությունները կանխարգելող դեր կատարել: Հայաստանը շարունակելու է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի շրջանակներում և այլ միջազգային հարթակներում՝ հասնելու աշխարհի  ցանկացած մասում նմանատիպ գործողությունների  համընդհանուր դատապարտմանը:

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել աշխարհասփյուռ հայության՝  համար, որոնց հետնորդները  հազարամյակներ շարունակ, մինչև վայրենաբար արմատախիլ արվելը, ապրել են իրենց հայրենիքում: Անկախ և ազատ Հայաստանի բացակայության պայմաններում սփյուռքը և նրա հաստատությունները ձևավորվել են որպես հայկական ժառանգության պահապաններ մինչ ազատ հայ ժողովրդի վերածնունդը:

Քսաներեք տարի առաջ հայկական եռագույնը կրկին ծածանվեց Երևանում՝ խորհրդանշելով անկախ հայրենիքի վերածնունդը: Հայ ժողովուրդը ստացավ իր հայրենիքում ազատ ապրելու մի նոր հնարավորություն:

Հայաստանի վերահաստատված անկախությունը Թուրքիայի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու հնարավորություն էր: Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է տասնամյակների պատմություն ունեցող «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատելու սկզբունքի մեջ: Այն 2008թ. Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու, ինչպես նաև  2009թ. ստորագրված արձանագրություններում ամրագրված հիմնական սկզբունքն էր: Գաղափարն  էր դրական միջավայր ստեղծել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանների բացումից հետո երկու հասարակությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման և հաշտեցման համար:

Դժբախտաբար, Թուրքիան, հետ կանգնելով  ձեռք բերված համաձայնություններից, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, ապօրինի տնտեսական շրջափակում է իրականացնում և մերժում է անցյալում իրագործված հանցագործությունների և անարդարությունների պատմական ճշմարտությունը: Մի կողմ դնելով պատմական ճշմարտությունը՝ քանի դեռ երկաթե վարագույրի վերջին հատվածը՝ հայ-թուրքական սահմանը, շարունակում է փակ մնալ, այն խաթարելու է կովկասյան տարածաշրջանի առողջ զարգացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան՝ մշտապես անկայունություն ներարկելով աշխարհի ռազմավարական առումով այս զգայուն հատվածում:

Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների ապագան պետք է հիմնվի երկու պետությունների միջև հարաբերությունների պատմական հաշտեցման վրա: Պատմական ճշմարտության ընդունումը կարող է օգնել հաղթահարելու հայ և թուրք ժողովուրդների միջև եղած խոր տարաձայնությունները: Մենք հավատացած ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող որևէ կերպ դիտարկվել որպես թուրք ժողովրդի արժանապատվության ոտնահարում, նրա նկատմամբ սպառնալիք կամ հարձակում: Շատ թուրք մտավորականներ, գրողներ, գիտնականներ սկսել են բացահայտ կերպով խիզախորեն և շիտակ քայլել ինքնավերլուծության և ուսումնասիրության դժվարին ուղիով: Այս համատեքստում կարևոր է, որ միջազգային հանրությունն աջակցի, խրախուսի թուրք քաղաքական առաջնորդներին արդարությանն ու պատմական ճշմարտությանը նույն նվիրվածությունը ցուցաբերելու հարցում, որ արդեն իսկ արել են հարգանք վայելող իրենց համաքաղաքացիները՝ արժանապատվորեն և մարդասիրաբար եզրափակելու մարդկային պատմության մութ, անավարտ էջերից մեկը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Թերթի այսօրվա համարում այդպիսի հոդված չգտա…՞…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930