Այսօր ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում, երբ քննարկվում էր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեց հանրապետության մասշտաբով աշակերտների ընդհանուր թիվը: Փոխնախարարը չգիտեր: Նա ասաց, որ աշակերտների հաշվարկումը տարին երկու անգամ է կատարվում՝ սեպտեմբերին, մյուսը՝ ակադեմիական տարին վերջանալուց հետո:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը զարմացավ. «Սա իսկապես զավեշտ է, եթե մեջներդ մի մաթեմատիկ չկա, որ հաշվարկ կատարի, մենք կգանք կօգնենք: Մենք գիտենք, որ արտագաղթ կա, պետք է հաշվարկ կատարվի: Քանի՞ աշակերտ է գնացել, քանիսն են մնացել: Մեր երկրին հարիր չէ նման կրթության վիճակը, արդեն մենք մտնում ենք հոկտեմբեր»:
Արամ Մանուկյանն էլ բորբոքվեց՝ ասելով, որ նախարարն էլ չգիտի, դուք էլ չգիտեք. «Ձեզ քնած տեղն էլ որ հարցնեն այդ թիվը, դուք պետք է իմանայիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ