Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական սպառնալիքը ռուսական կողմից, այնինչ հանրությունը դեռ չէր հասցրել մոռանալ Կիսելյովին

Սեպտեմբեր 24,2014 17:46

Հանրությունը դեռ չէր հասցրել մոռանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր պրոպագանդիստ, «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հնչեցրած սպառնալիքներն ու ծաղրը, հիմա էլ հերթը ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյինն է:

Մեկ օր առաջ «Նովոստի» մամուլի կենտրոնում Մոսկվա-Երեւան տեսակամրջի ընթացքում Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարեց, եթե «Հայաստանը ճիշտ չկողմնորոշվի՝ ի նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միությունը, ապա կկորցնի ոչ միայն իր պետությունը, այլեւ բարբարոս ամերիկացիների եւ եվրոպացիների թեթեւ ձեռքով իբրեւ ազգ կկանգնի ոչնչացման եզրին: Նա հավելել էր, որ հայ ազգը գոյություն ունի բացառապես այն պատճառով, որ կարեւորագույն պահերին ճիշտ կողմնորոշում է ցուցաբերել՝ հայացքը հառելով Ռուսաստանին»:

Քաղաքագիտական և դիվանագիտական դաշտում հայտնի է, որ նախկին դեսպան Կովալենկոն Հայաստանի հասցեին սպառնալիքներ տեղացողների շարքում իր պատվավոր տեղն ունի:

Alexander Iskandaryan

Ալեքսանդր Իսկանդարյան

Այս առիթով «Առավոտը» զրուցեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Նշենք նաև, որ պարոն Իսկանդարյանը ներկա է եղել այն տեսակամրջին, որի ընթացքում նախկին դեսպան Կովալենկոն իրեն թույլ է տվել նման բովանդակությամբ հայտարարություն անել: Պարոն Իսկանդարյանը համոզված է, որ Կոլավենկոյի հայտարարությունը ՌԴ պաշտոնական տեսակետը չէ: Քաղաքագետը հավելեց. «Կովալենկոն արդեն պաշտոնական դեմք չէ, նա արդեն դեսպան էլ չէ»:

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ գործ ունենք տրամագծորեն հակառակ իրավիճակի հետ. ոչ թե Հայաստանն է կանգնած ընտրության առաջ, այլ Մաքսային միությունում են ընտրություն կատարում: Պարոն Իսկանդարյանը հիշեցրեց, որ դեռ հուլիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հայկական կողմի փաստաթուղթը պատրաստ է, և Հայաստանը դա պատրաստ է ստորագրել: Այնուհետև հավելեց. «Ընտրությունը, որ կատարվում է այսօր, կատարվում է Մաքսային միության ներսում, ոչ թե Հայաստանում: Եթե հոկտեմբերի 10-ին փաստաթուղթը ստորագրի Ղազախստանը, ՀՀ-ի մոտ խնդիր չի առաջանա»:

Փաստորեն, նախկին դեսպանի խոսքը ՀՀ-ում սխա՞լ են ընկալել: Այս առիթով Ալեքսանդր Իսկանդարյանն արձագանքեց. «Մարդիկ հասկանում են այնպես, ինչպես հասկանում են: Ես ասում եմ այն, ինչ հասկանում եմ»: Ընդհանրապես կոռե՞կտ էր նախկին դիվանագետի համար նման բովանդակության հայտարարություն անելը, պարոն Իսկանդարյանն ասաց. «Կովալենկոն մասնակցում էր քննարկմանը և իր կարծիքն էր հայտնում, իսկ կարծիքները կարող են տարբեր լինել. կարող են դրանց հետ համաձայնել, կարող են` ոչ: Օրինակ` ես, հակադարձել եմ և հիմա էլ հակադարձում եմ»:

Այդպես էլ պարզ չէ, թե ինչ է սպասվում հոկտեմբերի 10-ին. Այնուամենայնիվ, ինչ-որ փաստաթուղթ Հայաստանը կստորագրի՞, թե՞ գործընթացը կրկին կհետաձգվի և այդ երկու տարբերակներից ո՞րն է Հայաստանի համար ավելի ձեռնտու տարբերակ: Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Այսպիսի ընտրություն ընդհանրապես չկա: Հայաստանն արդեն կատարել է իր ընտրությունը, և որևէ կապ չունի ստորագրումը տեղի կունենա այս տարի՞, թե` հաջորդ, հոկտեմբերի՞ն, թե` դեկտեմբերին»:

Սակայն մի դիտարկում. այդպես էլ պատասխան չտրվեց մի շարք ապրանքատեսակների գծով մաքսատուրքերի վերանայման հարցին, և ի վերջո պարզ չդարձավ նաև այն, արդյոք Ղարաբաղի հարցն ընդհանրապես հանվե՞լ է օրակարգից, թե` ոչ: Մինչդեռ պարոն Իսկանդարյանը վստահեցնում է, թե այս հարցերի հետ կապված որևէ խնդիր չկա, «տեխնիկական հարցերը որոշված են, ձևաչափը` ևս»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ամբողջ ռուսական էլիտան «բարբարոս» Եվրոպայում/Ամերիկայում է սովորում, բուժվում, փողերը պահում,…: ՆՈՒՅՆԻՍԿ Պուտինի երեխաները:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930