Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթահամալիրները ուռճացված հաստիքներ են ցույց տվել ու միլիոնների խախտում արել

Սեպտեմբեր 24,2014 17:25

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվությունը: «Հատուկ կրթություն» ծրագրի համար պետբյուջեից նախատեսվել է 1.6 մլրդ դրամի միջոցներ, փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 433 մլն: Այդ միջոցները հատկացվել են 12 պետական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների, որոնք կրթական ծառայություններ են մատուցել:

ՎՊ-ն հայտնաբերել է, որ 4 կրթօջախներ սննդի համար 23 մլն դրամ ավելի ծախս են ներկայացրել: Վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում հայտնաբերել է դա եւ տարեվերջին հետ ուղարկել պետբյուջե, նախահաշիվներից էլ այդ միջոցները նվազեցվել են:

«Տիգրան Մեծի» անվան ռազմամարզական վարժարանին սննդի ձեռքբերման համար 5.4 մլն դրամ ավելի են հատկացրել պետբյուջեից, քան ծախսվել է, որը նույնպես վերադարձվել է պետբյուջե. «Այդ ծրագրի չբաշխված միջոցները, առաջարկվել է նախարարությանը, որ ընդհանուր առմամբ 194 մլն դրամը հետ գնա բյուջե տարեվերջին, որը եւ իրականացվել է»:

ՎՊ-ն արձանագրել է, որ մասնագիտական հանրակրթական ուսուցում իրականացնող ՊՈԱԿ-ները դաստիարակների, հաստիքների ուռճացում են թույլ տվել ու բնականաբար, աշխատավարձ է դուրս գրվել: Ընդհանուր առմամբ խախտումը մոտ 355 մլն դրամի է եղել: Օրինակ, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրը 147 մլն դրամի չափով է խախտում արել, «Տիգրան Մեծը»՝ 97 մլն դրամի չափով, Շահինյանի անվան հատուկ դպրոցը՝ 14 մլն դրամի չափով:

Ուշագրավ է, որ ՎՊ ներկայացուցիչը չորակեց այս ամենը խախտում, այլ ասաց՝ «անհամապատասխանություն»: Այդ է պատճառը, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խիստ փափուկ որակեց քրեորեն պատժելի այս արարքների հասցեին նման ձեւակերպումները:

Վերահսկիչ պալատը նաեւ հայտնաբերել էր, որ մասնագիտացված հանրակրթական ուսուցում ծառայությունը մատուցող «Փոքր Մհեր» կրթահամալիրը 271 սովորողի հաշվարկով 365 օրվա համար սննդամթերքի ձեռքբերման համար 145 մլն դրամ էր ստացել պետբյուջեից՝ նշելով, որ շուրջ տարին ծառայություն է մատուցում: Սակայն կրթահամալիրը աշխատել է 101 օր պակաս եւ 40 մլն դրամից ավելի մնացել է օդում, այսինքն, ծառայություն դրա դիմաց չի մատուցել:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պարզաբանեց, որ հատուկ դպրոցներում որոշ երեխաներ, քանի որ հեռու են ապրում, մնում են դպրոցում շաբաթ-կիրակի, չեն գնում տուն, կամ ճամբարներ են կազմակերպվում, որն իրենց կանոնադրության մեջ նախատեսված չի եղել. «Իրականում երեխաները եղել են, ծախսն արվել է, բայց կանոնադրությամբ պետք է չլինեին:

«Եթե իսկապես այդ աշակերտները եղել են, այդ դեպքում ինչո՞ւ են վերադարձնում գումարը պետբյուջե»- զարմացավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց, որ այն ընկերությունները, որոնք մրցույթներ են շահում եւ խախտումներ են անում, ուղղակի պետք է «սեւ ցուցակ» գցել: Իշխան Զաքարյանը համաձայնեց, որ շատ երկրներում այդ սեւ ցուցակները կան: Հատկապես այն ընկերությունները, որոնք մի քանի անգամ խախտում են անում, իրենց մի քանի տարով զրկում են պետական միջոցներով ցանկացած գնումներից օգտվելու հնարավորությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Վերահսկիչ պալատը, ի վերջո, երբ կհամարձակվի անդրադառնալ Երևանի պետական համալսարանի մի քանի տասնյակ միլիոնների հասնող չարաշահումների և հեռակա համակարգում տեղի ունեցած ապօրինի մասնավոր գործունեության մասին…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930