Էստոնիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երկրի ամենախոշոր ու հեղինակավոր բուհերից մեկը՝ Տարտուի համալսարան, և հանդիպում ունեցել ռեկտորի, ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Էստոնական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի բուհերին՝ եվրոպական գիտակրթական նախագծերում ընդգրկվելու հարցում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Տարտուի համալսարանում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան լսարան:
Տարտուի համալսարանում նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «ԵՄ-Հայաստան. հարաբերությունների հեռանկարներ գիտակրթական ոլորտում» թեմայով: Նախարարը ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր:
Դասախոսության ավարտին Ա. Աշոտյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը: Այդ համատեքստում նախարարը հատուկ ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես քրիստոնեական աշխարհի և եվրոպական քաղաքակրթական հիմնական հենարան:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքյան էջից