Այսօր Վերահսկիչ պալատը ԱԺ կրթության եւ գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2013-ի հաշվետվությունը:
Հաշվետվության մեջ ՎՊ-ն նշեց, թե «Հատուկ կրթություն» ծրագրով բյուջեից գումարներ են դուրս գրվել եւ սննդի ձեռքբերման, հաստիքների ներկայացման հետ կապված մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնք, իրենց ստուգումների արդյունքում ենթակա են վերադարձման պետբյուջե: Այս անգամ ՎՊ-ի ձեւակերպումները խիստ զգուշավոր էին եւ չկային կոշտ ձեւակերպումներ, որ «ատկատ» է եղել, գումարները կերել են, յուրացրել են եւ այլն:
Իշխան Զաքարյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ խոսել են օպերատիվ վերահսկողության մասին. «2 տարի խոսել ենք: Դա իրենից ենթադրում է, որ ոչ թե մենք սպասում ենք տարին ավարտվի, այլ ընթացքում կարողանանք շարժվել առաջ եւ տեսնել, թե ինչ թերություններ կան: ԿԳ նախարարի հետ համաձայնություն ձեռք բերվեց, եւ շատ լավ արդյունք տվեց»:
Ըստ Իշխան Զաքարյանի, այդ է պատճառը, որ այսօր իրենք խոսում են ոչ թե յուրացումների մասին, այլ այն մասին, որ հաշվարկ է կատարվել եւ կրթօջախները թերությունները վերացրել են:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հաշվետվությունը լսելուց հետո արձագանքեց. «Այնպիսի փափուկ արտահայտություններ են այս մեծ գումարների մասին: 700 մլն դրամի մասին է խոսքը, ձեր խնդիրն էր, որ բացահայտվեր խախտումը եւ գումարները հետ գնային բյուջե՞: Կատակ գումարներ չեն՝ 104 մլն, 110 մլն բյուջեից գումարներ են գնացել, դուք հայտնաբերել եք, շատ լավ: Ինչ-որ մեկը սրա համար պատասխան չի՞ տալու: Սա քրեական հոդված է: Սա ի՞նչ մոտեցում է, այսպես չպետք է լիներ: Ես լինեի, այդ բոլոր գործերը, առանց տատանվելու, կուղարկեի դատախազություն»:
ՎՊ նախագահը պատասխանեց, որ իրենց հաշվետվության բոլոր գործերն արդեն ուղարկվել են դատախազություն. «Քրեորեն պատժելի է, եւ այլն, այս դաշտից զերծ մնանք: Առաջին անգամ դատախազությունը շատ արագ արձագանքել է, հարուցված է քրգործ: Մենք չենք կարող ասել՝ անարդյունավետ ծախս եք արել, ասում ենք ՝կա բացը եւ այդ բացը պետք է լրացվի»:
Արամ Մանուկյանը նշեց, որ հատկապես մարզերում լուրջ եւ բազմաթիվ խախտումներ կան. գյուղերում աշակերտների թիվը շատ են ներկայացնում, որովհետեւ ֆինանսավորվում են աշակերտների թվով: Անգամ բարի մտադրությունից դրդված աշակերտների թիվը շատ են ներկայացնում, որ դպրոցը չփակվի: Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ իրենք բազմաթիվ նման խախտումներ գտել են:
ՎՊ նախագահն ասաց, որ հնարավոր է իրենք ստուգումներ չանեին, եւ այն կրթօջախները, որոնք խախտումներ էին թույլ տվել, հետ վերադարձնեին պետբյուջե, կարող է եւ չվերադարձնեին: Իրենք պարզապես կանխել են. «Մենք կանխարգելիչ դեր ենք կատարել»: Որեւէ մի երկրում չի կարելի բացառել գնումների ոլորտում ռիսկայնությունը. «Կա գին, որակ, արդյունավետություն, հասցեականություն: Եթե մենք պետբյուջեից գնում ենք կատարել, ստուգում ենք, թե արդյո՞ք դրա գինը մոտ է շուկայական գնին:
Մենք գումար ենք ծախսել՝ արդյո՞ք արդյունավետ է: Օրինակ, հենց երեկ թիվ էինք բերել առողջապահության ոլորտի հետ կապված, որ 440 մլն դրամի կատարված ծախսը, այդ ապրանքները, որ առել էին, չէր օգտագործվում: Մենք չէինք վիճարկում, որ ավելի գին են տվել, ասում էինք, եթե գնում եք կատարել, ինչո՞ւ չեք օգտագործում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ