Օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճից դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով ազատ արձակվեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ից Շանթ Հարությունյանի եւ նրա համակիրների հետ Ազատության հրապարակից մեկուսարան, ապա հոգեբուժարան տեղափոխված Անուշավան Գրիգորյանը:
Այսօր Aravot.am-ին Անուշավանն ասաց, որ երեկ ինքը գնացել է ոսկու շուկա. «Վերադարձիս ինձ սկսեցին հետեւել: Վերադարձա տուն, նկատեցի, որ մի մեքենա, որում երկու անձ կար, հետեւում էին ինձ»:
Անուշավան Գրիգորյանը խմբագրությանն է տրամադրել մեքենայի համարանիշը: Նա իր ճանապարհը փոխել է, եւ ինչպես մեր զրույցի ժամանակ է ասում, համոզվել է, որ անգամ այդ ժամանակ իրեն շարունակել են հետեւել:
Անուշավան Գրիգորյանը դիմել է իրեն հետապնդողներից մեկին, երբ դեմ առ դեմ հանդիպել է նրան. հարցին, թե ինչ ես անում այստեղ, հետեւել է՝ աղջկա եմ սպասում:
Ա.Գրիգորյանն ասում է, որ այդ տարածքում աղջիկ չկար:
Կարդացեք նաև
Կարճ խոսակցությունից հետո Անուշավանը դարձյալ փոխում է իր ճանապարհը, համոզվելու, թե արդյոք իրեն հետեւո՞ւմ են: Մեքենան իր ուղեւորներով հետեւում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ