Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասյան օրեր Հայաստանում

Սեպտեմբեր 24,2014 16:15

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը, որի շրջանակներում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունն իր բոլոր շերտերով: Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը. «Դժվար է գերագնահատել Կոմիտասի դերը երաժշտության զարգացման գործում,- ասում է նա,- և Կոմիտասի 145-ամյա հոբելյանը մշակույթի նախարարության այս տարվա ամենակարևոր իրադարձությունն է, որին առանձնակի սիրով ենք պատրաստվում: Տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն. կցուցադրվի Կոմիտասի մասին պատմող ֆիլմ, կկազմակերպվի գիտաժողով, մի շարք համերգներ և այլն: Իրադարձությունները կամփոփվեն տարեվերջյան մեծ համերգով»,- մանրամասնեց Ա. Պողոսյանը:

Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանն էլ նկատեց, որ փառատոնի անցկացման համար ընտրվել է վարդապետի ծննդյան օրը՝ հին և նոր տոմարներով:

Կոմիտասյան օրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մտավորականները և երաժշտասեր հասարակությունը հարգանքի տուրք կմատուցեն մեծ կոմպոզիտորի հիշատակին:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հոկտեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն մի շարք համերգներ:
«Մենք ամեն տարի պետք է նշենք Կոմիտասի ծննդյան օրը,- ասում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը,- պետք է միշտ ներկայացվեն այն գոհարները, որոնք Կոմիտասն է ստեղծել, և որոնք, ցավոք, այսօր հաճախ են աղավաղվում»:

«Փառատոնը կներկայացնի Կոմիտասին այնպիսին, ինչպիսին կա: Եվ այս օրերին կհնչեն միայն կոմիտասյան բնագրեր»,- հավելեց Մ. Նավոյանը:

Բանախոսների տեղեկացմամբ՝ փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի և Մհեր Նավոյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Կարինե Օհանյանը, Անդրեյ Կուրբետը, մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Անահիտ Պապայանը (սոպրանո), Արմեն Աղաջանյանը (նվագակցող, դաշնամուր):

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930