Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կնոջը՝ երկու երեխաների աչքի առաջ դաժանաբար դանակի 21 հարվածով սպանելու դատական գործընթացը նորից դատաքննության փուլում է

Սեպտեմբեր 24,2014 16:09

2012 թվականի դեկտեմբերին քաղաքացիական ամուսնու՝ Վոլոդյա Մուրադյանի կողմից իր երկու դուստրերի աչքի առաջ դաժանաբար սպանված Դիանա Նահապետյանի դատական գործընթացը դատական վիճաբանությունների փուլից նորից վերադարձել է դատաքննության փուլ: Այս մասին այսօր Aravot.am-ը տեղեկացավ «Հասարակություն առանց բռնության» հ/կ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանից:

Նախորդ դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանին միջնորդել էր խստացնել Վոլոդյա Մուրադյանի պատիժը՝ պահանջելով 12 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն» կատարելու համար։
Նշենք, որ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը իր կնոջը՝ 35-ամյա Դիանա Նահապետյանին սպանել էր ծաղկամանով բազմաթիվ անգամ հարվածներ հասցնելով գլխին եւ 21 անգամ դանակով մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով։ Այս ամենը նա արել էր իր 17 եւ 14 տարեկան աղջիկների ներկայությամբ։

Ինչպես Aravot.am-ին պատմեց Աննա Նիկողոսյանը, այսօր Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական գործընթացը պետք է մտներ դատական վիճաբանությունների փուլ, սակայն Վոլոդյա Մուրադյանի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի կողմից միջնորդություն ներկայացվեց, որպեսզի վերադառնան դատաքննության փուլ: Ինչպես տեղեկացրին մեզ հ/կ-ից՝ նոր պաշտպանը ցանկանում է օգտվել իր իրավունքից եւ կրկին ծանոթանալ փաստերին:

Դիանա Նահապետյանի  պաշտպան Նարինե Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դատաքննության փուլում արդեն միջնորդություն է ներկայացվել վկաներ լսելու համար: Հավանաբար նորից կհարցաքննվեն երեխաները. «Բայց քանի որ երկար միջնորդություն էր, տրվեց ժամանակ՝ միջնորդությանը ծանոթանալու համար: Մեզ գրավոր տեքստ է ներկայացվել մեր դիրքորոշումը հայտնելու համար: Հաջորդ դատական նիստին մեր դիրքորոշումը կհայտնենք եւ դատարանն էլ կորոշի միջնորդությունը բավարարել, թե մերժել»:

Պաշտպանը չցանկացավ մեր այլ հարցերին պատասխանել եւ նշեց, որ միայն հաջորդ դատական նիստից հետո կպատասխանի հարցերի:

Հիշեցնենք, որ նախորդող դատական նիստերի ընթացքում Վոլոդյա Մուրադյանը փորձել էր իր ձեռքով կատարված սպանությունը որպես ինքնապաշտպանություն որակել: Նա ներկայացրել էր այնպես, թե իբրեւ ինքը սպանությունը կատարելու ժամանակ հուզական ծանր վիճակում է գտնվել եւ աֆեկտի տակ է եղել: Սակայն համապատասխան փորձագետին հարցաքննելուց հետո պարզ էր դարձել, որ Վոլոդյա Մուրադյանը ընդհանրապես աֆեկտի տակ չի եղել, եղել է հոգեկան բարձր հուզական վիճակում, սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել: Մեղսունակ է եղել եւ գիտակցելով է կատարել հանցանքը:

Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-ին:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930