Նախկինում տեղեկացրել ենք ազգությամբ քուրդ 48-ամյա Ասադ Յուսուբովի բնակարանային խնդրի մասին: Նա ակտիվորեն մասնակցել է Իջեւանի տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: 1997թ. մարտական դիրքերում նրան կարիճը կծել է, 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել:
Ասադը պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները: Նրա ընտանիքը 2001 թվականից բնակվում էր Գետահովտում գտնվող, երկրաբանական վարչությանը պատկանող շենքում:
2003թ. Յուսուբովը բնակարան հատկացնելու խնդրանքով դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նշված շենքը տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը: 2014թ. փետրվարի 23-ին Ասադին՝ կնոջ , 22 եւ 18 տարեկան աղջիկների հետ վտարել են զբաղեցրած տարածքից: Նրա ընտանիքին բնակվելու համար տարածք են հատկացրել Իջեւան քաղաքում գտնվող, պայմանագրային զինծառայողների գումարտակի նախկին շենքում, որտեղ տարիներ առաջ գործել է Իջեւանի հոգեբուժարանը: Ասադն ասաց, որ իրենց 3 սենյակ են հատկացրել, սակայն այնտեղ բնակվելու համար տարրական պայմաններ չկան, այդտեղ տարիներ շարունակ կոյուղին վնասված է, գարշահոտ է:
Ասադը ցանկացել է «Իջեւանի գժանոցի» շենքում կոյուղագիծը վերանորոգել, բաղնիք կառուցել, ապրելու համար տարրական պայմաններ ստեղծել, զինվորականները թույլ չեն տվել: Նա նորոգում կատարելու նպատակով շինթույլտվություն ստանալու համար ստացել է Տավուշի նախկին եւ ներկայիս մարզպետների, Իջեւանի զորամասի, բանակային կորպուսի հրամանատարության համաձայնությունը:
Ասադի խոսքերով՝ շինթույլտվություն տրամադրելու համար 2014թ. հունիսի 5-ին Իջեւանի զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը ելքային 466 համարով գրություն է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն անցած երեքուկես ամսում նախարարությունից պատասխան չի ստացվել: Նա անհանգստանում է, քանի որ շուտով կսկսվի ձմռան սեզոնը:
Կարդացեք նաև
Յուսուբովի ընտանիքն այժմ վարձով բնակվում է Գետահովիտ գյուղում՝ վարձակալության համար ամսական վճարելով 20 հազար դրամ, կոմունալ վճարների հետ միասին բնակարանի ծախսը կազմում է 30 հազար դրամ: Յուսուբովի դուստրը վճարովի հիմունքներով սովորում է բուհում, Ասադն ընտանիքի միակ աշխատողն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ