Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Հոկտեմբերի 10-ից հետո ոչինչ չի փոխվի»

Սեպտեմբեր 24,2014 15:26

«Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխվի, պետք է հարյուր հազարավոր մարդիկ կանգնեն ոտքի: Իսկ նրանք դա չեն կարող անել: Ուստի, թե որքան մարդ կհավաքեն՝ հարյուրներ կամ հազարներ, այնքան էլ էական չէ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով հոկտեմբերի 10-ին՝ ոչ իշխանական ուժերի եռյակի նախաձեռնած հանրահավաքին, այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները հոկտեմբերի 10-ին համապետական հանրահավաք են հրավիրելու, որին չի մասնակցի ՀՅԴ-ն՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված անհամաձայնության պատճառով:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ «ՀՀԿ-ականներն իրենց այժմ բավականին հարմարավետ են զգում. ՀՀ նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի աթոռն իրենցն է, համապետական ընտրությունները, ՏԻՄ ընտրություններն իրենցն են: Մինչև չստեղծվի որևէ ծանրակշիռ ուժ, ՀՀԿ-ին ոչինչ չի կարող քաղաքականապես սպառնալ»:
Ըստ քաղաքագետի՝ ընտրություններից հետո ընդդիմությունը բավականին թուլացել է. «Իմ կարծիքով՝ ոչ իշխանական քառյակը ոչ միայն գոյություն չունի, այլև երբեք էլ գոյություն չի ունեցել, չորս ուժերը չեն կարող միավորվել… Իրավիճակը բավականին պարզ է՝ ընդդիմությունը ընտրություններից հետո չափազանց թույլ է: Հայաստանի խնդիրն այս պահին ոչ թե ընդդիմության միավորվելու, այլ ընդդիմություն ստեղծելու մեջ է»:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, քաղաքական ուժերի՝ այդ գործընթացին դեմ լինելուն և ՀՅԴ-ի՝ քառյակը լքելու փաստին՝ պարոն Իսկանդարյանը նկատեց. «Միշտ էլ ասել են, որ նախագահական կառավարման համակարգը վատ է, և պետք է այն փոխել: Բայց հենց Հանրապետականը դրա շուրջ կարծիքը փոխեց, փոխեց նաև ընդդիմությունը: Հանրապետականները ասում են, որ ամեն ինչ լավ է, լավ կլինի, ընդդիմությունը հակառակն է պնդում, որ ամեն ինչ վատ է: Երևի կլինի Սահմանադրության փոփոխություն, հետո խորհրդարանական ընտրություններ, հետո կլինեն իշխանական ուժերի փոփոխություններ: Դժգոհությունը շատ մեծ է և ամենուր, բայց հանրապետականներին քաղաքական հակադարձություն չկա: Չգիտեմ այնպիսի մարդկանց, որ հույս ունեն, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո բան կփոխի: Այնպես որ, Դաշնակցության դուրս գալ-չգալը նշանակություն գրեթե չունի»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն վերջին շրջանում ակտիվացել է, նախաձեռնել է կուսակցությունների հետ հանդիպումներ և այս ֆոնի վրա հնարավո՞ր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2018-ին առաջադրի իր թեկնածությունը, պարոն Իսկանդարյանը հրաժարվեց կոնկրետ արձագանքել՝ նշելով, թե դեռ չորս տարի կա և «նույնիսկ Ծառուկյանն ինքն էլ չգիտի՝ առաջադրվելու է, թե՝ ոչ»:

Հոկտեմբերի 10-ը հատկանշական ամսաթիվ կարող է լինել նաև արտաքին քաղաքական դաշտի համար: Հավանական է, որ այդ օրը ՀՀ-ն ստորագրելու է Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթ: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ «գուցե ստորագրվի, գուցե՝ ոչ, բայց դա այնքան էլ էական չէ»: Նա հավելեց. «Չի կարելի լիովին բացառել, որ գործընթացը կձախողվի, և ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի, սակայն, ընդհանուր առմամբ, հավանականությունը, որ, վաղ թե ուշ, փաստաթուղթը կստորագրվի, հիսուն տոկոսից ավելի շանսեր ունի: Այստեղ էական է Ռուսաստանի գործոնը, որը կարող է ազդեցություն գործել Ղազախստանի և Բելառուսի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930