Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյանը՝ Տիգրան Սարգսյանի առնչությամբ. «Ամեն մեկի մասին էլ կարելի է ասել՝ գող է»

Սեպտեմբեր 24,2014 15:16

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ամերիկահայ հրապարակախոս, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձավ ոչ միայն Հայաստան-Սփյուռք համաժողովին, այլեւ հայության առաջ ծառացած մարտահրավերներին:

Պարոն Սասունյանի ձեւակերպմամբ, միշտ էլ հաճելի է հայրենիքի մեջ լինել, օրինակ` այս անգամ 700 հայ է ժամանել Հայաստան: «Որ գալիս են իրենց ծախսերով, հյուրանոցներում, ռեստորաններում գումար են դնում, դա էլ է ներդրում հայրենիքի տնտեսության մեջ»,-կարծում է նա:

Ասուլիսում անդրադարձ եղավ Հայաստան-Սփյուռք համաժողովին հնչած իր ելույթին, որտեղ Հարութ Սասունյանն առաջարկել էր համասփյուռքյան կառույց ստեղծել: «Հայաստանում եւ Արցախում կան ղեկավարներ, ընտրված պատգամավորներ կամ վարչապետ, հավանենք կամ չհավանենք կան, Սփյուռքում այդպիսի միավոր չկա, կան հազարավոր կազմակերպություններ, 7-8 մլն-անոց հայ ժողովուրդ, որ քով- քովի չեն գալիս…Սփյուռքի 10 տոկոսը անդամ են կուսակցությունների, բարեսիրական միությունների, կարծում եմ, որ պետք է կազմակերպվենք եւ անջատ-անջատ միավորները բերենք մի հարկի տակ»,-ասում է «Կալիֆորնիա Կուրիերի» խմբագիրը: Կարծում է, որ «մեկ հայ՝ մեկ քվե» սկզբունքով կարելի է համասփյուռքյան ընտրություններ կազմակերպել, 18-ը լրացած հայերը ամեն համայնքում ձայների մեծամասնությամբ պատգամավոր կամ ներկայացուցիչ ընտրեն: Այդպես, ըստ Սասունյանի, առաջին անգամ մեր պատմության մեջ կունենաք կառույց, որտեղ ժողովուրդն է ընտրել իր ղեկավարներին: Ու այդ կառույցն էլ լիազորված կլինի հանդես գալ Սփյուռքի անունից, որոշումներ կայացնել, համագործակցել Հայաստանի եւ Արցախի ղեկավարների հետ՝ առանցքային հարցերի շուրջ՝ Արցախի, Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների եւ այլ:

Պարոն Սասունյանը կարեւորելով համասփյուռքյան կառույցի ստեղծումը մի տհաճ դրվագ հիշեց. տարիներ առաջ Հիլարի Քլինթոնը ցանկություն է հայտնել հանդիպել ամերիկահայության ներկայացուցիչների հետ, սակայն վեճ է ծագել, թե ով պետք է մեկնի Վաշինգտոն ու ներկայացնի ամերիկահայությանը: Արդյունքում, հանդիպումը չեղյալ հայտարարվեց:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ չէր ցանկանա որեւէ համահայկական մարմին վերահսկվի մյուս մարմնի կողմից՝ բոլոր հայերը պետք է իրար հետ համագործակցեն ի շահ ժողովրդի:
Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հարցի մասին էլ խոսեց: Հարութ Սասունյանը դեմ չէ, որ մեղավոր մարդիկ պատժվեն օրենքով, բայց, քանի դեռ չունի փաստեր՝ իր առջեւ դրված, չի կարող կարծիք հայտնել: Նրա խոսքով, նույն տրամաբանությամբ բոլորի մասին էլ կարելի է ասել՝ գող են, մեղավոր են, «բայց ՀՀ նախագահը իրեն ուղարկել է ԱՄՆ, Ամերիկյան կառավարությունն էլ ընդունել է»: Հարութ Սասունյանի ձեւակերպմամբ, պետք է կոնկրետ ապացույցներ լինեն Տիգրան Սարգսյանի դեմ, իսկ առայժմ մնում է ընդամենը հետեւել, թե նա ինչպես է աշխատում ԱՄՆ-ում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930