Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգում են մասնագետները. «Սուպերմարկետներում ժամկետանց հրուշակեղեն եւ աղցաններ են վաճառում»

Սեպտեմբեր 24,2014 15:10

Սկսած ամենալավ սուպերմարկետների ցանցերից՝ վերջացրած սովորական խանութներով, ոչ մի տեղ չի նշվում հրուշակեղենի եւ աղցանների արտադրման եւ դրանց պիտանելիության ժամկետը: Անգամ ամենամեծ սուպերմարկետում վաճառողները չգիտեն, թե ով է դրանք արտադրում. այսօր «Անալիտիկ» կենտրոնում, անդրադառնալով սննդամթերքի անվտանգությանը, ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Տիկին Հակոբյանը չցանկացավ անուն նշել, սակայն ասաց, որ միայն մի խոշոր հրուշակեղենի արտադրող կա երկրում, որը նշում է պիտանելիության ժամկետը եւ հետեւողական է իր արտադրանքի նկատմամբ. «Մնացած բոլոր արտադրողները դրանից զերծ են»:

Տիկին Հակոբյանն այսօրվա հանդիպման ընթացքում նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ խանութներում աղցանների պիտանելիության ժամկետը նույնպես գրված չէ. «Ավելին, այսօրվա աղցանը շատ հանգիստ կերպով խառնում են երեկվա աղցանին եւ վաճառում»:

Տիկին Հակոբյանը օրինակ բերեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում նման դեպքեր գրանցվել են արդեն փակված «Սթար» սուպերմարկետների ցանցերում, երբ մշտապես ժամկետանց աղցաններ էին վաճառում. «Եթե այսօրվա աղցանը տեղափոխում են վաղվա, ապա դրանում բազմաթիվ մանրէներ են առաջանում, այդ թվում նաեւ բորբոսասնկեր, որոնք աղեստամոքսային հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ»:

Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են խնդրի մասին բարձրաձայնել կառավարությունում:

Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ անդրադարձավ կիսաֆաբրիկատների անվտանգության խնդիրներին. «Դրանք նույնպես հստակ մակնշում չունեն: Պարկերով ներկրում են այլ երկրներից, փաթեթավորված չեն պատշաճ կերպով: Չկա՝ թե ով է արտադրում, որտեղ է արտադրված, կամ քանի ամիս է այն պիտանի օգտագործման համար»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930