Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջհարկը ՓՄՁ-ների դեմ չէ, բայց եթե փաստաթուղթ ցույց չտան, կուժն ու կուլան կկոտրվի նրա գլխին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2014 14:30

Անհավասար մրցակցությունն ու կոռուպցիան շատ մեծ մարտահրավեր է մնում: Այսօր «Հայացք» ակումբում, օրինակ բերելով շրջանառության հարկի փոփոխությունը, ըստ որի՝ ՓՄՁ-ների ձեռքով փորձում են խոշորներից ստանալ փաստաթղթավորում, ասաց «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա, եթե ՓՄՁ-ն փաստաթուղթ չստանա, կամ պետք է փոխի իր ապրանքների տեսականին, կամ ոլորտը. «Այն օլիգարխները, որոնք մենաշնորհներ ունեն, 5 կազմակերպության անունով ապրանք են բերում ու նրանց մենաշնորհը չի ապացուցվում: Բայց ապրանքից հրաժարվելը ՓՄՁ-ներին վատ դրության մեջ է դնում: Եթե ասում են, որ շրջանառության հարկի փոփոխությունը ՓՄՁ-ների դեմ չի, բայց այլընտրանք չի տրվում, նշանակում է, որ կուժն ու կուլան կոտրվում է ՓՄՁ-ների գլխին: Ենթադրվում էր, որ եթե ՓՄՁ-ն փաստաթուղթ չկարողանա ապահովել, կկարողանա նախկինի պես 3.5% հարկման դաշտում մնալ, բայց պարզվում է՝ դրա հնարավորությունը չկա եւ ավտոմատ պատժամիջոցների է ենթարկվելու»:

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ նոր կառավարությունն էլ ոչ մի բանով չի տարբերվում նախորդներից, որոնց ղեկավարները նույնպես խոսել են ստվերի դեմ պայքարից, բայց որեւէ էական փոփոխություն չի եղել: Տնտեսագետը գտնում է, որ տնտեսական դաշտում արմատական փոփոխություններ կլինեն միայն այն դեպքում, երբ արմատական փոփոխություններ լինեն քաղաքական դաշտում, հակառակ դեպքում եկող տարիներին ունենալու ենք ավելի նվազ տնտեսական արդյունքներ, քան նախորդ տարիներին էր: Բագրատ Ասատրյանը տնտեսական մեծ սպասումներ չունի Մաքսային միությունից: Ըստ տնտեսագետի, ՄՄ մտնելու միակ նպատակը ներկայիս համակարգի վերարտադրումն է. «Իշխանության մեջ են գտնվում այն մարդիկ, որոնք առաջին փողատերերն են եւ այդ ունեցվածքին տեր են դարձել այն ժամանակ, երբ պաշտոնյա են եղել, այսօր ասում են՝ պայքարում ենք ստվերի դեմ, դա ծիծաղելի է: Եթե խոսում ենք ստվերի մասին, կոռուպցիայի մասին, պետք է գիտակցենք, որ մինչեւ այս համակարգը չքանդվի, մենք ունենալու ենք տնտեսական վատ ցուցանիշներ: Ըստ էության, իշխանությունն ասում է՝ ես ոչինչ չունեմ ասելու խոշոր բիզնեսին:

Գագիկ Մակարյանի խոսքերով, կառավարությունն այս անգամ չկարողացավ նույնիսկ ձեւավորել լիարժեք կաբինետ. «Պաշտոնի եկան նախարարներ, որոնք կոռումպացված են եւ այդտեղ չպետք է լինեին»: Նրա կարծիքով, ստվերային հարկերը հավաքելով հակառակ արդյունք կարող է լինել եւ բիզնեսը մի բան էլ տուժի

Գագիկ Մակարյանի խոսքերով, Մաքսային միությունը միայն այն մի քանի ապրանքները չեն, որոնց մասին խոսվում է. «Մաքսային միությունը լրիվ ուրիշ բան է, որն ունի այլ նպատակ, պետք չէ, որ մեզ մխիթարենք, թե բանակցությունները կլուծեն այդ ապրանքների հարցը: Ուկրաինայի կյանքը ցույց տվեց, որ կա պրոբլեմ, Եվրամիությունը լիարժեք չգնահատեց այս պետությունների լիարժեք անկախ լինելը: Եվրամիությունը խաբվեց իր ռեֆորմների մեջ, մտածեց՝ իր ռեֆորմներով, օգնություններով կարող է հարցը լուծվել»:

 

Ըստ պարոն Մակարյանի, մեկ տարի առաջ Ռուսաստանը գինիների շուկան բացեց Վրաստանի համար, սակայն Վրաստանի քանակները չեն բավարարում ռուսական շուկայի պահանջարկը. «Մենք ճոռոմ-ճոռոմ խոսում ենք, փոխարենը լծվեինք գործին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930