«Իշխանությունը բավականին լուրջ ձեռնոց է նետել ընդդիմությանը»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Նրա կարծիքով, իշխանությունն ընդդիմությանը երկու առաջարկ է անում. «Անուղղակի ասում է, եթե շահագրգիռ եք համակարգի փոփոխությամբ`համեցեք: Եվիշխանությունն ասում է`եթե մասնակցեք այս փոփոխություններին եւ Սահմանադրությունը փոխենք, հետո սահուն փոխանցենք իշխանությունը: Իշխող կուսակցության համար փոխվի Սահմանադրությունը՝ լավ է, մնա նույնը`նույնքան լավ է»:
Քաղաքագետի համար նկատելի է, որ ոչ իշխանական կուսակցություններն այնքան էլ չեն հաջողում իշխանություններին ուղղված իրենց հակադարձումներում: Ոչ իշխանականների բացատրությունները՝ սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու մասին, Ստեփան Սաֆարյանի համար համոզիչ չեն. «Չմասնակցել եւ թողնել, որ փոխվի`նշանակում է ոչինչ չանել: Չմասնակցելու կամ բոյկոտի տարբերակն այնքան էլ ապագա չունի, հատկապես, երբ 2005-ին ընդդիմությունը բոյկոտել է ու ոչինչ չի փոխվել: Փոփոխություններն ընդունվել են»:
Բանախոսի համոզմամբ՝ ի սկզբանե ճիշտ կլիներ, որպեսզի ընդդիմությունն այդքան կտրուկ չդներ սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու հարցը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
«Մենք կարող ենք ասել`պահը հարմար չէ սահմանադրական բարեփոխումների համար, բայց պարտավոր ենք ասել`ո՞րն է հարմար պահը. չանել փոփոխություն այս Սերժ Սարգսյանի օրոք, անել ԲՀԿ-ի՞ Սերժ Սարգսյանի օրոք»,- ասաց Ստեփան Սաֆարյանը, նկատելով, որ իշխանության նախաձեռնությունն էլ այս պահին փոփոխություններ անել՝ իր դրական ու բացասական կողմերն ունի: Բացասականը`իշխանության վերարտադրությունն է, ինչի մասին քանիցս ուղղակիորեն ասել են նաեւ ՀՀԿ-ականները`նկատելով, որ ՀՀԿ-ն շարունակելու է մնալ դոմինանտ ուժ հայաստանյան քաղաքական կյանքում: Դրականն այն է, որ ի վերջո Սերժ Սարգսյանը երկրորդ շրջան պաշտոնավարող նախագահ է ու երրորդ անգամ առաջադրվել չի կարող: «Ընդդիմությունը պարտավոր է բացատրություն տալ`ինչո՞ւ չի ցանկանում խոչընդոտել ՀՀԿ-ի վերարտադրմանը`իր մասնակցությամբ»,- ասաց քաղաքագետը`հավելելով, որ ՀԱԿ առաջնորդը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին, ուստի ՀԱԿ-ը երբեք կողմ չի լինելու: ԲՀԿ-ն առավելապես ոչ թե դեմ է, այլ կա մի խնդիր, որն արգելափակում է այդ կուսակցության դիրքորոշումը`Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը: Նա էլ դեմ է այդ փոփոխություններին. «Հաշվարկը պարզ է՝ 2017-ի ընտրություններին ստանալ մեծամասնություն, մեկ տարի անց վերցնել նախագահի աթոռը: Կառավարման համակարգի փոփոխությամբ ԲՀԿ-ն չի կարող վստահ լինել, որ մեծամասնություն կվերցնի»:
ՀՅԴ-ի փաստաբանի դերը չցանկանալով ստանձնել, Ստեփան Սաֆարյանն այնուհանդերձ նկատեց, որ եթե ՀՅԴ-ին մեղադրում են, ապա «Ժառանգությանն» էլ կարող եմ մեղադրել, թե ինչո՞ւ լինելով խորհրդարանական համակարգի կողմնակից`չի մասնակցում բարեփոխումներին: «Քաղաքական դաշտի խաղի կանոններն այդպիսիք են, որ պիտակավորվում են բոլորը:Բայց քաղաքական ուժի առաքելությունը հանրայինին տուրք տալը չէ, կան բաներ, որոնք քաղաքական ուժն անում է դեմ գնալով հանրային կարծիքին ու միառժամանակ հետո ապացուցվում է իր իրավացիությունը: Ես կարծում եմ, չմասնակցության դեպքում ընդդիմության հասցեին ուղղված մեղադրանքներն ավելի շատ են լինելու»,- եզրափակեց բանախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ