Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լրագրող Անի Գևորգյանի ներկայացուցիչ. «Ակնհայտ են Անիի նկատմամբ բռնության և բերման ենթարկելու գործողությունները»

Սեպտեմբեր 24,2014 12:56

«Եթե նույնիսկ գիտեք, որ գործը չի բացահայտի, պետք է դիմել դատարան: Եթե մերժվում է բողոքը, պետք է դիմել դատարան, եթե դատարանն էլ է մերժում, պետք է դիմել Վերաքննիչ դատարան: Այսինքն՝ օգտագործել բոլոր ատյանները, նույնիսկ եթե չանեն այն, ինչ պարտավոր են անել օրենքով, ես կանեմ այն, ինչ որպես քաղաքացի և լրագրող պարտքս է անել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող և լուսանկարիչ Անի Գևորգյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գեւորգյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության:

Հիշեցնենք` փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում մի խումբ երիտասարդ ՀՀԿ-ականներ խոչընդոտել էին ՀԱԿ ակտիվիստների կողմից առաջիկա հանրահավաքի մասին իրազեկում իրականացնել, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել էին ակտիվիստներին բերման ենթարկել, իսկ ծավալվող իրադարձությունները տեսանկարահանող լրագրողներից խլել տեսախցիկները։ Ոստիկանները բերման էին ենթարկել ակտիվիստներին, «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանին եւ «ilur.am» կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանին, իսկ արդեն բաժնում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր Գեւորգյանի դեմքին:

Դատարանի դահլիճում Անիի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատարանի քննությանը հանձնված տեսանյութերում հստակ երևում են Վարդան Գևորգյանի գործողությունները: Պարոն Խաչատրյանը հայտարարեց. «Ակնհայտ է, որ Վարդան Գևորգյանի գործողություններում կան բռնության և Անիին՝ բերման ենթարկելու գործողություններ»:

DSC03070

Դատական գործն այսօր հետաձգվեց. նախագահող դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը, երբ հավանաբար կհրապարակվի որոշումը, կկայանա սեպտեմբերի 30-ին, ժամը 09.00-ին:

Անի Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց. «Թեև բոլորս էլ գիտենք, թե ինչպես են այսօր աշխատում նախաքննական մարմինները, դատարանները, բայց համոզմունք ունեմ, որ չնայած այդ հանգամանքին, օրինական բոլոր հնարավոր միջոցներով պետք է շարունակել գործընթացը»:

Անի Գևորգյանը գործի ընթացքի մասին խոսելով՝ նշեց, թե դատախազն ու քննիչը շարունակում են պնդել այն «անհեթեթությունները», որոնք գրել էին կարճման որոշման մեջ ու շարունակեց. «Բազմիցս ականատես ենք լինում, թե ինչպես են նիստերը հանգիստ ընթանում, տպավորությունն այն է, որ օրինական, հարթ է ամեն ինչ, բոլոր ապացույցները հետազոտվում են, բայց վերջում դատարանը կայացնում է այնպիսի դատավճիռ, ինչպիսին պիտի կայացնի՝ ոչ օրենքի տառին համապատասխան»:

Ըստ «ՉԻ» լրագրողի պատճառն այն է, որ դատավորն ազատ չէ: Լրագրողն այն համոզմանն է, թե «Գտնվել դատական համակարգում, արդեն նշանակում է, որ տվյալ անձն այս հանցավոր համակարգին առաջարկում է իր ծառայությունները»:

Հետաքրքրվեցինք ինչի՞ արդյունք է այն, որ մեր երկրում դեռ հերիք չէ, որ տեղի պաշտոնյաների կողմից են ոտնահարվում լրագրողների իրավունքները, ավելին, արտերկրից ժամանած հյուրերն էլ են իրենց նման բան թույլ տալիս, Անին պատասխանեց. «Այդ բոլոր կրկնվող հանցագործությունների պատճառը ոստիկանությունն ու ՀՔԾ-ն են: Հայտնի է, որ երբ ինչ-որ մեկը գիտի հանցագործության մասին, բայց թաքցնելով հովանավորում է հանցագործին, ապա քրեական օրենսգրքի համաձայն՝ նա դառնում է հանցակից: Եթե ոստիկանությունը, ՀՔԾ-ն գիտեն, որ այս կամ այն մարդը լրագրողի աշխատանքը խոչընդոտել է, բայց աչք են փակում դրա վրա, դառնում են հանցակից»:

Անի Գևորգյանը մտահոգված է, թե «Մեր երկրում չեն հարգվում որևէ մեկի իրավունքները՝ լինի հասարակ քաղաքացի, թե լրագրող: Ամեն քայլափոխի խախտվում են իրավունքները, և դա այնքան բացահայտ է արվում, որ մարդ եթե ՀՀ-ում չապրի էլ, մի քանի ժամ այստեղ գտնվելով՝ նա էլ է սկսում վարվել ըստ այդ մթնոլորտի: Հարգանքը պահանջված չէ, դրվածքն է այդպիսին, կարելի է անել այնպես, ինչպես նախընտրում ես այդ պահին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930