Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն և Հայաստանը պետք է ստեղծեն հարաբերությունների նոր հիմք». «Ազատություն» ռ/կ

Սեպտեմբեր 24,2014 12:46

Եվրոպական միության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններին, այն կացությանը, որը ստեղծվել է 2013 թվականի սեպտեմբեր 3-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել էՄաքսային միությանն անդամակցելու որոշումը։

Սթանոյի փոխանցմամբ՝ սեպտեմբերերեքյան շրջադարձից հետո պետք է ստեղծել հարաբերությունների նոր հիմք։

Ֆյուլեի խոսնակը հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում։ Կողմերը մշտապես շփման մեջ են։

Սթանոյի խոսքերով, Բրյուսելը ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Երևանը մտադիր զարգացնել հարաբերությունները, հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք բխում են Մաքսային միությանն անդամակցելուց։

«Մենք հատկապես շահագրգռված ենք զարգացնել համագործակցությունը ժողովրդավարական ինստիտուտներն ամրացնելու, մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավելու, քաղաքացիական հասարակությանն աջակցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու ոլորտներում։ Սրանք են առանցքային հարցերը, որտեղ կա համագործակցությունը խթանելու հեռանկար»,- ասել է Փիթեր Սթանոն։

Շտեֆան Ֆյուլեի խոսնակն «Ազատության» թղթակից Ռիքարդ Ջոզվյակի հետ զրույցում նշել է, որ բոլոր դեպքերում Երևանի և Բրյուսելի հարաբերությունները պետք է դրվեն նոր հիմքի վրա, քանի որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ստեղծել է նոր իրողություն։

Հայաստանը դեռ չի միացել Մաքսային միությանը, սակայն ընտրել է այդ ուղին։ Կան պարտավորություններ, որոնք Հայաստանը ստանձնում է այդ որոշմամբ։

«Հայաստանը նախ պետք է Եվրամիությանը տեղեկացնի իր նոր պարտավորությունների մասին, հայտնի, թե որքանով դրանք կսահմանափակեն Եվրամիության հետ համագործակցությունը այն բնագավառներում, որտեղ հնարավոր է իրավական անհամատեղելիություն», – ասել է Սթանոն և ավելացրել. – «Բրյուսելը կորոշի, թե ինչպիսին կլինի Երևանի հետ նոր հարաբերությունների հիմքը միայն այն բանից հետո, երբ հայկական կողմը կներկայացնի նոր իրողության ամբողջական պատկերը և իր նպատակների ու ծրագրերի հայեցակարգը, իսկ նման տեղեկություն Հայաստանը դեռ չի տրամադրել»։

Նրա փոխանցմամբ՝ երբ Հայաստանը հայտնել է, որ փոխել է ձգտումը և անդամակցելու է Մաքսային միությանը, սակայն ցանկանում է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, Բրյուսելն արձագանքել է, որ պատրաստ է վերանայել հարաբերությունների շրջանակն ու հիմքը։

«Ուստի, մենք ոչ մի վերջնաժամկետ չենք ներկայացնում։ Եվ հենց մեր գործընկերները մեզ կտեղեկացնեն համագործակցության վերաբերյալ իրենց գաղափարը, մենք պատրաստ կլինենք տալ մեր պատասխանը», – «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատարի խոսնակը։

Արմեն ՔՈԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930